«Ցավոք սրտի, 2018 թվից սկսած՝ այսօրվա իշխանությունների կառավարման ժամանակահատվածում լուրջ ուշադրություն չի դարձվել ստեղծված ռազմական, ռազմաքաղաքական իրավիճակի գնահատականներին։ Այդպես է եղել, երբ 2018 թվականից հետո խարխլվել է մի ամբողջ բանակցային ներուժ, մի ամբողջ բանակցային գործընթաց, և երկիրը ներքաշվել է պատերազմի մեջ։ Այդպես է եղել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը մի քանի անգամ փորձարկել և զորավարժությունների ընթացքում ձեռք է բերել ինչ-որ հաջողություններ՝ երկիրը խաղաղ պայմաններից պատերազմականի տեղափոխման, և յուրաքանչյուր գերատեսչության գործողությունները պաշտպանական քաղաքականության մեջ։ Ըստ էության, երկիրը չի փոխանցվել ռազմական ռելսերի, և դա է պատճառը, որ ռազմական թատերաբեմում ուժերի, դասավորվածությունների, գործողությունների ոչ ճիշտ գնահատականն է բերել պարտության։ Այսօրվա իշխանությունները ոչինչ չեն արել հաջողության հասնելու համար»,- «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ընթացքում այս մասին ասաց պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
2016 թվականի քառօրյա պատերազմից հետո պաշտոնից հեռացված և Սերժ Սարգսյանի իշխանությանը ընդդիմադիր դարձած Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ պատերազմում հայկական կողմի պարտության պատճառը ռազմական թատերաբեմում ուժերի, դասավորվածությունների, գործողությունների ոչ ճիշտ գնահատականն է, իսկ պատերազմի մեջ ներքաշվելու պատճառը՝ բանակցային գործընթացը տապապելը։ Հարց է ծագում՝ այդ դեպքում քառօրյա պատերազմի մեջ ներքաշվելու պատճառը ո՞րն էր, եթե մինչև 2018 թվականը նախորդ իշխանությունները հաջող բանակցում էին, գործընթացն էլ իր հունով ընթանում էր։ Եթե բանակցությունները տապալել է այս իշխանությունը, ապա ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը 2018 թվականին ԱԺ ամբիոնից հայտարարում, որ բանակցությունները մտել են փակուղի, որևէ լավատեսություն չեն հաղորդում, Ադրբեջանը անիրատեսական ակնկալիքներ ունի բանակցային գործընթացում։ Եթե պարտության պատճառը երկիրը ռազմական ռելսերի վրա չփոխանցելն էր, ռազմական թատերաբեմում ուժերի, դասավորվածությունների, գործողությունների ոչ ճիշտ գնահատականը, ապա ինչո՞ւ այս հարցերը չեն ուղղվում Արցախի ՊԲ հրամանատարությանը, ՀՀ այդ ժամանակ գործող Գլխավոր շտաբին ու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։ Չէ՞ որ երկիրը պատերազմական ռելսերի բերելու թիվ մեկ մարմինը բանակն է, իսկ պատասխանատուն՝ Գլխավոր շտաբը։ Եթե պարտության պատճառը ռազմական թատերաբեմում ուժերի, դասավորվածությունների, գործողությունների ոչ ճիշտ գնահատականն է, ապա ինչո՞ւ գեներալ Սեյրան Օհանյանը չի անդրադառնում հայկական կողմի և Ադրբեջանի միջև ռազմական և տնտեսական բալանսի ահռելի տարբերությանը։ Ադրբեջանը տարիներ շարունակ 3 անգամ ավելի մեծ ռազմական բյուջե է ունեցել, քան Հայաստանը։ Ադրբեջանը հարձակողական սպառազինություններ է ձեռք բերել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանից ու ՀԱՊԿ անդամ Բելառուսից։ Ի՞նչ հետևություններ են արել Սեյրան Օհանյանը և իր գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ու ի՞նչ միջոցներ են ձեռնարկել դրան հակազդելու համար։ Ի՞նչ հետևություններ են արել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու իր գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը նրանից, որ իրենց աչքի առաջ ամբողջ կյանքում միայն պետական պաշտոն զբաղեցնող անձինք, այդ թվում՝ զինվորականներ, իրենց աշխատավարձը անգամներ գերազանցող ունեցվածք են կուտակել և դարձել դոլարային միլիոնատերեր։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկել նման երևույթները կանխելու կամ նման պաշտոնյաներին պատժելու, պետությունից թալանված ունեցվածքը պետությանը վերադարձնելու ուղղությամբ, եթե նույնիսկ մի կողմ դնենք այն լուրերը, որ ի՛նքը՝ Սեյրան Օհանյանն է մի քանի միլիոն դոլար արժողությամբ դղյակ կառուցում։
Սեյրան Օհանյանը պնդում է նաև, որ գործող իշխանությունը ոչինչ չի արել հաղթելու համար։ Այստեղ հարկ ենք համարում հիշեցնել ԳՇ նախկին պետ, այժմ և ներքոհիշյալ հայտարարությունն անելու պահին գործող իշխանություններին ընդդիմադիր Մովսես Հակոբյանի հայտարարությունը, որ ասում էր, թե Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, որ բանակը ինչ ուզել է, կառավարությունը «չէ» չի ասել և ֆինանսավորել է. «Ես միշտ նախանձել եմ, որ էսօրվա զինվորական ղեկավարությունը շատ լավ ապահովված վիճակում է։ Ես այն ժամանակ բանակում ծառայում էի և բարի նախանձով նախանձում էի, որ ամեն մի ապուշություն, որ բանակը ուզում էր, դա ֆինանսավորվում էր»,- 2021 թվականի նոյեմբերի 8-ին Hraparak.am-ին տված հարցազրույցում ասել է Մովսես Հակոբյանը։
Սեյրան Օհանյանը պատերազմի մեջ ներքաշվելու հարցում մեղադրանքները ուղղում է Հայաստանի իշխանություններին՝ ըստ էության կրկնելով Իլհամ Ալիևի թեզերը, թե Հայաստանն է մեղավոր պատերազմի սկսվելու համար։ Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանը չի հարձակվել Արցախի վրա, այլ Հայաստանն է սադրել խեղճ Ալիևին՝ բանակցությունները տապալելու միջոցով։ Հայաստանի գործող իշխանություններին պատերազմի սկսվելու մեջ մեղադրող հաջորդ սուբյեկտը՝ թուրք-ադրբեջանա-հայկական ընդդիմությունից զատ, ռուսական տարատեսակ պրոպագանդիստներն ու գործիչներն են, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ոչ պաշտոնական խորհրդական համարվող Ալեքսանդր Դուգինը։ Վերջինս իր ելույթներից մեկում ասել է, որ «սորոսական, Արևմուտքի կողմից հովանավորվող, գունավոր հեղափոխություն իրականացրած» Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության՝ հրաժարվել է Սերժ Սարգսյանի պայմանավորվածություններից՝ անվտանգության գոտի հանդիսացող 5 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու մասին։ Ըստ Դուգինի՝ դա է պատճառը, որ ՌԴ նախագահ Պուտինը համաձայնել է կոնֆլիկտի ուժային լուծմանը։ «Ուժային մեթոդով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու որոշիչ հանգամանքը եղել է Պուտինի համաձայնությունը։ Գլխավոր որոշումները կայացվում էին հենց Մոսկվայում, և Պուտինից էր կախված՝ ումն է Ղարաբաղը։ Ավելի վաղ Պուտինը պայմանավորվել էր Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ղարաբաղի խնդրի մասնակի լուծման շուրջ՝ Ադրբեջանին 5 շրջանները վերադարձնելու միջոցով։ Բայց Սորոսի և գլոբալիստների կողմից աջակցություն ստացող Փաշինյանը Երևանում գունավոր հեղափոխություն իրականացրեց և չեղարկեց պայմանավորվածությունները։ Իսկ Պուտինի հետ այդպես չեն վարվում»,- հայտարարել է Ալեքսանդր Դուգինը։ Ապա Օհանյանը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո իշխանությունը դասեր չքաղեց։ «Պատերազմից հետո պետք է անցկացվեր անվտանգության միջավայրի լուրջ գնահատական, նոր ձևավորված աշխարհագրական դասավորվածության շրջանակներում մարտահրավերների գնահատականներ և դրա արդյունքում որոշումների ընդունում, որն էլ պետք է որոշեր այն գերակայությունները, որ այսօր անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Այստեղ պետք է նկատել, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի վերջին նիստի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ գնահատել են ու հասկանում են, որ մեր բանակի չափորոշիչները կենսունակ չեն, և, ըստ այդմ, ընդունվում են համապատասխան որոշումներ։ «Մենք գնահատել ենք ու հասկանում ենք, որ մեր բանակի չափորոշիչները կենսունակ չեն, ինչը արդեն որերորդ պատերազմում ապացուցվում է։ Սա փաստ է, և այս փաստի հետ պետք է առերեսվենք և ընդունենք համապատասխան որոշումներ։ Այդ որոշումները տեղի են ունենում, և այս գործընթացները, որ սկսել ենք, նաև դրա մասին են։ Այո, մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր զինվորը պատրաստ լինի, պատկերացնի՝ ինչ է արդի պատերազմը, և ունակ լինի վարելու արդի մարտ»,- ասել է Սուրեն Պապիկյանը։
Բայց թե ի՞նչ է փոխվել բանակում, համակարգային, կառուցվածքային ի՞նչ փոփոխություններ են արվել, արդյոք ռազմավարություն մշակվե՞լ է, թե՞ ոչ՝ անհայտ է։ Սովորական քաղաքացիներիս, լրագրողներիս աչքերով այդ փոփոխությունները չեն նկատվում։ Հռչակվել է, որ բանակը պետք է անցում կատարի պրոֆեսիոնալ բանակի մոդելին։ Սակայն անհայտ է, թե այս գործընթացում մենք ինչքան ենք առաջ գնացել և ուր ենք հասել։ Նաև գիտենք, որ զինծառայողները, այնպես, ինչպես ուսուցիչները, պետք է կամավոր ատեստավորում անցնեն՝ աշխատավարձերի բարձրացումով։ Այսքանից զատ որևէ էական փոփոխություն դեռ տեսանելի չէ։ Ոչ պաշտոնական աղբյուրներով խոսվում է նաև Հնդկաստանից զենք ձեռք բերելու մասին, բայց եթե մեր ձեռքբերումները միայն այնքանն է, ինչքան հայտարարվում է այդ աղբյուրներով, ապա ոչ պրոֆեսիոնալ «աչքով» էլ պարզ է, որ դա բավարար չէ։ Բացի դրանից, զենքի ձեռք բերումը կառուցվածքային և համակարգային փոփոխությունների հետ որևէ կապ չունի կամ կապ ունի այնքանով, որ դա պետք է արվի այդ փոփոխությունները անելուց հետո կամ գոնե այն դեպքում և այն ժամանակ, երբ արդեն կիմանանք, թե ինչ մոդելի ու կառուցվածքի բանակ ենք կառուցում՝ ըստ այդմ հասկանալով, թե ինչ զինատեսակներ են մեզ պետք և ինչքան։
Պատերազմից անմիջապես հետո և մինչև հիմա ընդդիմությունը փորձում է պատերազմի սկսման, պարտության և հնարավոր բոլոր անհաջողությունների, ձախողումների և պարտությունների ամբողջ մեղքը դնել բացառապես գործող իշխանության վրա՝ անտեսելով մնացած բոլորի մեղքի և պատասխանատվության բաժինները, այդ թվում՝ Ադրբեջանի ագրեսոր լինելու փաստը։
Վովա Հակոբյան