Պետությունն ուժեղ է, եթե ուժեղ համայնքներ ունի․ Նազելի Բաղդասարյանի ուղերձը ՏԻՄ օրվա առթիվ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 Համայնքների հարգելի ղեկավարներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, 
Շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: 

  Մեր երկրում ժողովրդավարության զարգացման ճանապարհին տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորումը կարևոր քայլ էր։ 

Անցած 26 տարիների ընթացքում այս ոլորտում իրականացվել են բարեփոխումներ, որոնց գլխավոր նախապայմանը համայնքների համաչափ զարգացումն է եղել։ ՀՀ կառավարության ջանքերն այժմ ուղղված են մեր համայնքների զորեղացմանը և իրականացվող ծրագրերը հզոր համայնքներ ունենալուն են միտված։ 

 Համայնքների հիմնահարցերի լուծման ճանապարհին կառավարություն-համայնք համագործակցության լավագույն օրինակներից կարելի է համարել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, որոնց նպատակայնությունն ու առաջնայնությունը ձեր անմիջական պատասխանատվությունն է։ 

 Մեր համատեղ աշխատանքով պետք է կարողանանք ամենահեռավոր համայնքը, հեռավոր բնակավայրը դարձնել ավելի զարգացած, քանզի պետությունն ուժեղ է, եթե ուժեղ համայնքներ ունի։ 

  Խնդիրները շատ են, սակայն դրանց լուծման համար ձեռնարկվող քայլերն էլ չեն հապաղում, մնում է լինել առավել պատրաստակամ և միասնական աշխատանքով գնալ բարձրացված հարցերի լուծմանը։ 

Համայնքների հարգարժան ղեկավարներ, ավագանու անդամներ, համայնքային ծառայողներ, որքան բարդ, նույնքան պատվաբեր է ձեր աշխատանքը, ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարելու պատասխանատվություն ունեք և այդ գործում ձեզ հաջողություններ ու նախաձեռնողականություն եմ մաղթում։