Այս տարի Սփյուռքի կողմից ներդրումները մեծ են, այսինքն՝ Հայաստանի ապագայի նկատմամբ բարձր վստահության մակարդակ կա. Զարեհ Սինանյան
«Համաշխարհային հայկական գագաթնաժողովի նպատակը ոչ միայն Հայաստանին շահաբեր վիճակում հասցնելն է, այլ նաև Սփյուռքին, այսինքն՝ երկակի շահույթ պետք է լինի այնտեղ, որպեսզի մնայուն լինի այս հարաբերությունը։ Դա տալու է երկխոսության շարունակություն, հայաստանյան իրականությունը ներկայացնելը Սփյուռքին, որը թյուր պատկերացում ունի մեր մարտահրավերների մասին։ Դա տալու է ընդհանուր լուծումների մշակում»,- այսօր՝ նոյեմբերի 10-ին, ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան Civic.am-ի հարցի՝ ի՞նչ առավելություններ է Հայաստանին տալու գագաթնաժողովը, ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ 

Նրա խոսքով՝ Սփյուռքից մեծ քանակությամբ ընկերություններ Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն ունեն: «Ընդհանրապես արտաքին ներդրումների ջախջախիչ մեծամասնությունը Հայաստանում ինչ-որ ձևով կապված է Սփյուռքի հետ՝ կամ ընկերությունում որևէ հայ կա, որի մոտ ծագել է այդ գաղափարը, կամ այդ ընկերությունը՝ ներդրողը, կապված է հայերի հետ։ Հիմնականում դրսից եկող ներդրումները սփյուռքյան ներդրումներ են և շատ են»,- հավելեց Զարեհ Սինանյանը։

Մեր հարցին՝ ո՞ր ոլորտներում են ներդրումները և արդյոք այս տարի և՞ս եղել են ներդրումներ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն արձագանքեց. «Գյուղատնտեսական ոլորտից մինչև տուրիզմ, բարձր տեխնոլոգիաներ, ոլորտները շատ տարբեր են։ Այս տարի Սփյուռքի կողմից ներդրումները մեծ են, այսինքն՝ Հայաստանի ապագայի նկատմամբ բարձր վստահության մակարդակ կա, այլապես ընկերությունները ռիսկի չեն դիմի»։    

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում