Բարձրաձայնված խնդիրների մի մասը օբյեկտիվ է, և դրանց մասով գտնվում ենք լուծման փուլում. Ավետ Պողոսյանը` հայկական ԱԹՍ-ների սերիական թողարկման մասին․ տեսանյութ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանն այսօր ԱԺ-ում անդրադառնալով հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերի թեմային նշեց, որ գրեթե բոլոր արտադրողների հետ գերատեսչությունը կապի մեջ է, համագործակցում են նաև Պաշտպանության նախարարության հետ։

 Սերիական արտադրություն սկսելու վերաբերյալ եղած խնդիրներին անդրադառնալով փոխնախարարը նշեց․ «Կարող եմ ասել, որ ԱԹՍ արտադրող ընկերությունների բարձրացրած խնդիրների մի մասը օբյեկտիվ են, և այդ մասով մենք գտնվում ենք լուծման փուլում»։

 Հարցին՝ այս պահին բանակում կա՞ն տեղական արտադրության ԱԹՍ-ներ, Պողոսյանն ասաց, որ ինֆորմացիային տիրապետում է, սակայն ճիշտ կլինի, որ դա հերքի կամ հաստատի պաշտպանական գերատեսչությունը։

 «Իմ տեղեկություններով՝ գին - որակ հարաբերակցությամբ մեր ԱԹՍ-ները բավականին մրցունակ են», - ասում է Պողոսյանը։

Պաշտոնյան անդրադարձավ նաև Հայաստանի ձեռք բերած արբանյակին, նշելով, որ շատ մոտ ապագայում լավ նորություններ կունենանք։

 «Աշխատանքներն ընթանում են մեր նախատեսած ծրագրից մի փոքր ավելի արագ։ Կառավարման կենտրոնի բացման մասին, կարծում եմ, մոտ օրերս կարելի է լավ նորությունների սպասել։ Կենտրոնում աշխատելու են հայ մասնագետներ։ Վերապատրաստման աշխատանքները ևս ընթացքի մեջ են», - ասաց Ավետ Պողոսյանը։