Իր գործունեությամբ «Ալ Քաիդային» և ԻՊ-ին հիշեցնող Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է իսլամաֆոբիայի մեջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Սամարղանդում ելույթ ունենալով Թյուրքական պետությունների կազմակերպության IX գագաթնաժողովում, մասնավորապես ասել է, որ Հայաստանը «օկուպացիայի» ժամանակահատվածում «իրենց տարածքներում» տեղադրել է ավելի քան 1 միլիոն ական։ «Անցած երկու տարում Ադրբեջանի մոտ 270 քաղաքացի է մահացել կամ ծանր վիրավորվել ականների վրա պայթելուց»,- ասել է նա։

Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը լայնածավալ ստեղծագործ աշխատանք է տանում «օկուպացիայից ազատագրված» տարածքներում. «Մենք սկսել ենք «Մեծ վերադարձ» ծրագիրը՝ նախկին «բռնի տեղահանվածներին» «հայրենի հողեր» վերադարձնելու համար։ Այս գործընթացում թուրքական ընկերությունները ակտիվորեն ներգրավված են բազմաթիվ ենթակառուցվածքային նախագծերում որպես կապալառուներ: Իմ թանկագին եղբայր, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեք անգամ այցելել է «ազատագրված» հողեր»: 

Ալիևի խոսքով՝ Հայաստանի պաշտոնական գաղափարախոսության հիմքը իսլամաֆոբիան է և թուրքաֆոբիան։

Հիշեցնենք, սակայն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ի Կառավարության նիստում, ի թիվս այլոց, հայտարարել էր նաև, որ Հայաստանի հարգանքը իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ աներկբա է: «Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը եղբայրական զգացմունքներ ու գործընկերային հարաբերություններ ունի տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ, մինչդեռ Ադրբեջանը իր վերոհիշյալ գործելակերպով հիշեցնում է իսլամը վարկաբեկող «Ալ Քաիդային» և «Իսլամական պետությանը»»,- ասել է ՀՀ վարչապետը: