ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը տապալած Ալիևն այժմ էլ զբաղված է խաղաղության հասնելու գործընթացը նպատակաուղղված տապալելով, ուժի սպառնալիք հնչեցնելով
Ադրբեջանի նախագահը հավակնում է դառնալ կովկասյան տարածաշրջանում ապակայունության խթանիչ և  խաղաղության հաստատման խաթարիչ։ Ալիևի ռազմատենչ ու դեստրուկտիվ վարքագիծն ըստ էության նորություն չէ, այն դրսևորվում էր թե՛ 44-օրյա պատերազմից առաջ, թե՛ հետպատերազմական այս ողջ ընթացքում։ Եթե Ադրբեջանի նախագահը մինչ պատերազմը  ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացած բանակցային պրոցեսի  ժամանակ անիրատեսական պահանջներ էր առաջադրում և փաստացի վիժեցնում, խաչ քաշում  խաղաղ  կարգավորման հեռանկարի վրա, այժմ էլ՝ պատերազմից հետո,  զբաղված է խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցային գործընթացը տապալելով՝ առաջադրելով  անհավանական պահանջներ, որոնք հակասում են  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրավական տեքստին, այդ տեքստի տառին և ոգուն։ Զորօրինակ՝ չարչրկված «Զանգեզուրի միջանցքը», որը Ալիևի և նրա բերանով խոսողների երևակայության արգասիքն է։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  երեկ տեղի ունեցած Կառավարության նիստում ևս մեկ անգամ իրավական մանրակրկիտ, փաստարկված  լիկբեզ իրականացրեց Ալիևի համար՝ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստը մեկնաբանելով ըստ էության և ընդգծելով Ալիևի  անընկալունակությունը պարզ շարադրված փաստաթղթերը կարդալիս։   
 
Եթե մինչ պատերազմական փուլում ընթացած բանակցությունների տապալման նպատակն այն էր, որ Ադրբեջանը խնդրի լուծումը տեսնում էր բացառապես  ռազմական ճանապարհով, ինչին էլ դիմեց՝ խախտելով բանակցային գործընթացի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի չկիրառումը, այժմ էլ անտեսում է Մինսկի խմբի ձևաչափից դուրս՝ Մոսկվա, Բրյուսել, Վաշինգտոն զուգահեռ ձևաչափերի շրջանակներում ընթացող Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների  կարգավորման գործընթացը՝ ուժի և ուժի սպառնալիքի գործադրմամբ փորձելով բավարարել  Հայաստանի նկատմամբ  իր ծավալապաշտական ամբիցիաները, սպառնալով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյաբանությանը։ Արդ, միջազգային հանրությունը պետք է  «այստեղ  և հիմա» միջոցներ ձեռնարկի կարգազանցին,  եթե կուզեք՝ խելապակասին,  զսպաշապիկ հագցնելու և ադեկվատության դաշտ վերադարձնելու համար՝ չեզոքացնելով  կովկասյան տարածաշրջանի կայունությանը սպառնացող՝ վերջինիս  նպատակաուղղված ջանքերը։  Այլապես նոր ռազմական էսկալացիայի  պատասխանատվությունն  ընկնելու է  տարածաշրջանի բոլոր դերակատարների և կամ դերակատարման հավակնորդ պետությունների  վրա։  

Հիշողության  թարմացում 

Բավական է  հպանցիկ վերհիշել ԼՂ խնդրի բանակցային գործընթացի խրոնոլոգիան և ակնհայտ կդառնա Ադրբեջանի «անուրանալի» դերակատարումը  խաղաղ կարգավորումը վիժեցնելու հարցում։  Մասնավորապես՝ 1990-ականների կեսերից ընթացող խաղաղ բանակցությունների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ջանք չեն խնայել խաղաղ կարգավորման հասնելու համար՝ պարբերաբար կազմակերպելով բանակցություններ, այցելելով Բաքու, Ստեփանակերտ, Երևան։ Սակայն խաղաղությանն ուղղված նրանց ջանքերը այդպես էլ արդյունք չտվեցին առավելապես Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի պատճառով։ Շատ է խոսվել ու գրվել այն մասին, որ 2001-ին Փարիզում կողմերը մոտ էին  կարգավորմանը, սակայն Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը հրաժարվեց Ֆրանսիայում ձեռք բերված համաձայնությունից։ 2007-ին, երբ համանախագահները ներկայացրին հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները՝ հայտնի որպես «Մադրիդյան սկզբունքներ», Բաքուն նախ հրապարակայնորեն հրաժարվեց ընդունել այդպիսի սկզբունքների գոյությունը, իսկ հետագայում փորձեց կեղծել փաստաթղթի էությունն ու խեղաթյուրել խաղաղության հասնելու գործընթացի բովանդակությունը։ Համանախագահ երկրները ստիպված եղան հրապարակել  փաստաթղթում ամրագրված՝  միջազգային իրավունքի հիմնարար երեք սկզբունքների վրա խարսխված  առաջարկները՝ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն։  2008-2011 թթ. ՌԴ նախաձեռնությամբ մի շարք եռակողմ հանդիպումներ կազմակերպվեցին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ, որոնց ընթացքում կողմերն ընդունեցին 4 հայտարարություն։ Համանախագահող երկրներն իրենց հերթին, աջակցելով խաղաղ կարգավորման գործընթացին, ընդունեցին հինգ հայտարարություն։ Մի շարք հայտարարություններ էլ  ընդունվեցին  ԵԱՀԿ գագաթնաժողովի ու ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստերի ժամանակ։ Հայաստանը ողջունեց հայտարարություններն ու պատրաստակամություն հայտնեց գնալու հակամարտության կարգավորմանը, մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն չաջակցեց այդ հայտարարություններին, այլև մերժեց  կարգավորման հիմնարար սկզբունքների բոլոր տարբերակները, որոնք առաջարկվել էին համանախագահների կողմից։ Շահագրգռված լինելով միակողմանի օգուտներ կորզելու մեջ՝ Ադրբեջանը նպատակաուղղված տապալեց Սանկտ Պետերբուրգի (2010 թ. հունիս), Աստրախանի (2010 թ. հոկտեմբեր), Սոչիի (2011 թ. մարտ) և Կազանի (2011 թ. հունիս) գագաթնաժողովները։  

Ալիևի թուղթը 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Կազանի հանդիպումից առաջ ԵԽԽՎ-ում իր ելույթում հայտարարեց, թե հակամարտության կարգավորան հարցում  հնարավոր կլինի ակնկալել դրական արդյունքներ, եթե Ադրբեջանը չառաջարկի նոր փոփոխություններ։ Սակայն Կազանի գագաթնաժողովը հօդս ցնդեցրեց բոլոր հույսերը, քանի որ Ադրբեջանը, հավատարիմ իր ձեռագրին, վերջին պահին հետքայլ արեց՝ արդեն իսկ համաձայնեցված տեքստում առաջարկելով 10 փոփոխություն անել։

 Կազանի գագաթնաժողովին հաջորդեց մոտ երկուամյա լճացում. Ադրբեջանը, տապալելով բանակցությունները, շփման գծում մեծացրեց ապակայունությունը։ Հրադադարի խախտումներն ավելի հաճախակի դարձան, տեղի ունեցան սադրիչ գործողություններ ինչպես ԼՂ և Ադրբեջանի շփման գծում, այնպես էլ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին։ Միջնորդ երկրները հանդես եկան հրադադարի պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված մի շարք առաջարկներով, մասնավորապես հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում, սակայն դրանք բոլորը մերժվեցին Բաքվի կողմից (չնայած  Ալիևը տվել էր իր համաձայնությունը)։ 2014-ին էլ  Մինսկի խմբի համանախագահող  երկրների նախաձեռնությամբ բարձր մակարդակի հանդիպումներ կազմակերպվեցին ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ՝ լարվածությունը թուլացնելու, իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար։ Սակայն Ալիևը մերժեց  մասնավորպես Փարիզի գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Օլանդի առաջարկած վստահության մեխանիզմների ներդրումը։ 

Ադրբեջանը նույնիսկ սպառնաց վետո դնել ԵԱՀԿ 2012 թ. բյուջեի վրա, եթե ֆինանսավորում հատկացվի նման որևէ մեխանիզմի ստեղծման համար։ Ավելին, այդ հանդիպումից հետո  Ադրբեջանի Պնախարարը հոխորտաց, թե երկիրը ԼՂ խնդիրը կլուծի ռազմական ճանապարհով՝ պարծենալով 2014 թ. ռազմական բյուջեի 27 տոկոս ավելացումով։ 2014-ի նոյեմբերին էլ Բաքուն դիմեց հերթական սադրանքին. խոցեց ԼՂ պաշտպանության բանակի ուսումնավարժական թռիչք կատարող ուղղաթիռը, զոհվեց երեք զինծառայող։ 10 օր շարունակ Ադրբեջանը կրակի տակ էր պահում ուղղաթիռի կործանման վայրը՝ խոչընդոտելով ԵԱՀԿ-ի, Կարմիր խաչի, փրկարարների մուտքը դեպքի վայր։ 

...Այս զարգացումները ուրվագծում էին 2016-ի ապրիլյան պատերազմի անխուսափելիությունը։ Այդ պատերազմից մոտ երկու շաբաթ անց՝  ապրիլի վերջին, ամերիկյան Bloomberg մեդիաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե  պատերազմը ԼՂ-ում  կարող է վերսկսվել ցանկացած պահի, և որ՝ «հակամարտության լուծման ուղղությամբ բանակցությունների հեռանկարը մեծ չէ»: «Մեր անձնական հանդիպումների ժամանակ Ալիևի հետ ես արդեն տեսնում էի, որ ինքը հակված է խնդիրը այլ ճանապարհով լուծելու, և դա արդեն իմ համոզմունքն է դարձել։ Եվ եթե հետ նայենք, կտեսնենք, որ դա այն ժամանակն էր, երբ Ադրբեջանը սկսել էր հարստանալ  կամաց-կամաց և արդեն խոսում էր մեծ ռազմական բյուջեների մասին։ Այսինքն՝ այս իրադարձությունները սպասելի էին, և դրա մասին մենք բազմաթիվ անգամներ, տարիներ շարունակ խոսում էինք, ասում էինք, դիմում էինք համանախագահներին, միջնորդ երկրների ղեկավարներին, որ՝ տեսեք, հասունանում են գործողությունները, ժամանակն է վստահության միջոցառումներ ձեռնարկել, վերահսկողություն իրականացնել, վերջը՝ ժամանակն է հասցեական հայտարարություն անել, թե ով է խախտում հրադադարի կանոնները»։

Իսկ ահա Ալիևը, քառօրյա պատերազմի հրադադարի «թանաքը չչորացած», շարունակում էր հոխորտալ, թե՝ «2016 թվականին ղարաբաղյան հակամարտության գոտում Հայաստանի հետ ապրիլյան ռազմական բախումները ցույց տվեցին, որ «Ադրբեջանը կարող է իր տարածքային ամբողջականությունը վերականգնել ռազմական ճանապարհով»:

Ապրիլյան պատերազմից հետո էլ  Ադրբեջանը շարունակեց իր դեստրուկտիվ կեցվածքը՝ մասնավորապես անտեսելով Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները (միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել, ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները), և բանակցային գործընթացը մտավ խորը փակուղի, փաստացի դադարեցվեց։ 
 
Ակնհայտ էր, որ Ալիևը, Ապրիլյան քառօրյայի ժամանակ չհասնելով իր պատկերացրած լուծմանը,  այդուհանդերձ չէր հրաժարվել խնդրի ռազմական լուծման իր պլանից։ ՀՀ գործող իշխանության օրոք ևս ցուցաբերելով բանակցային նույնպիսի դեստրուկտիվ  վարքագիծ՝  Ադրբեջանն իր մեծ եղբոր՝ Թուրքիայի աջակցությամբ և, փաստորեն, միջազգային հանրության թողտվությամբ  2020-ին որոշեց գնալ «վա բանկ»՝ սանձազերծելով լայնամասշտաբ պատերազմ։ Ալիևն ինքն է օրերս ի լուր աշխարհի խոստովանել այդ մասին, և ակնկալվում է, որ այդ  խոստովանությանը կհետևի միջազգային հանրության թիրախային արձագանքը՝ դրանից բխող հետևանքներով։ Նկատենք, որ Թվիթերի իր էջում այսօր  Ն. Փաշինյանը ևս մեկ անգամ արձանագրել է. «Իր վերջին ելույթում նախագահ Ալիևը կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից ձեռնպահ մնալու վերաբերյալ պայմանավորվածությունը, որը նախատեսված է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ: Որքան էլ տարօրինակ է, նա Հայաստանին է մեղադրում փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ»։     
    
Հեղինե Մանուկյան