Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում հնչեցրած հայտարարություններին՝ նշելով, որ դրանք «լիովին անհիմն են և անընդունելի», և որ Հայաստանի վարչապետը փորձել է «խեղաթյուրել» նոյեմբերի 8-ին Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը և «տպավորություն ստեղծել», թե Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները։ Հայաստանի ղեկավարության այս մոտեցումը ևս «մեկ հարված է» երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ միջազգային իրավունքի խախտման մեջ Ադրբեջանին ուղղված Փաշինյանի մեղադրանքներն «անհիմն են»: Ինչպես ընդգծել է Հաջիզադեն, «2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը, օգտվելով «պաշտպանության» իր իրավունքից, ՄԱԿ-ի կանոնադրությանը «համապատասխան», «ազատագրել է» «միջազգայնորեն ճանաչված իր տարածքները» «օկուպացիոն ուժերից» և «վերականգնել» իր «տարածքային ամբողջականությունը»։ Հայաստանը, ինչպես նախկինում, «հրաժարվում է իրականացնել» 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, մասնավորապես՝ նշված փաստաթղթի 4-րդ, 6-րդ և 9-րդ կետերը, որոնք ստորագրել է անձամբ վարչապետ Փաշինյանը՝ դրանով իսկ «խախտելով իր միջազգային պարտավորությունները»։
«Ադրբեջանի «համարժեք» պատասխանները հայկական զինված կազմավորումների տարբեր «ռազմական սադրանքներին», որոնք, «ի հեճուկս» եռակողմ հայտարարության, դեռ ամբողջությամբ դուրս չեն բերվել «ադրբեջանական տարածքներից» և շարունակում են «վտանգ ներկայացնել» տարածաշրջանի համար, «օրինական» են,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության մեջ։- Հենց հայկական կողմն է, «խախտելով» եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունները, «խաթարում» Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ Ադրբեջանի արևմտյան տարածաշրջանների հաղորդակցությունների բացման գործընթացը»։
Այնուհետև Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ ասվում է, որ Ադրբեջանը իր կողմից «ազնվորեն կատարում» է իր պարտավորությունը՝ Լաչինի նոր ճանապարհ կառուցելով։ Ուստի Հայաստանի վարչապետի պնդումը Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի մտադրության մասին ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում իրավիճակի «միտումնավոր սրում»:
Փաստաթղթում նշվում է, որ «եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի ճանապարհի երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը», սակայն ճանապարհի օգտագործումը ռազմական նպատակներով անընդունելի է։ «Ի հեճուկս եռակողմ հայտարարության 6-րդ կետի՝ Հայաստանի կողմից Լաչինի ճանապարհը «չարաշահելու» դեպքերը շարունակվում են «անօրինական ռազմական գործողությունների» համար»,-ընդգծում է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և եռակողմ հայտարարության հայտնի դրույթի վերաբերյալ Հայաստանի վարչապետի «անհիմն» պնդումներին, Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ ասվում է. «Զանգեզուրի միջանցքը նշանակում է Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև «պատմական կապի» վերականգնում, ինչը ենթադրում է այդ միջանցքի օգտագործում խաղաղ և մարդասիրական նպատակներով»։
«Անհիմն են» նաև Ղարաբաղի կարգավիճակի մասին Փաշինյանի հայտարարությունները, ինչը որևէ կերպ չի հիշատակվել եռակողմ հայտարարության մեջ և այլ փաստաթղթերում։ «Ղարաբաղը Ադրբեջանի «անբաժանելի մասն է», տարածաշրջանում բնակվող հայկական ծագմամբ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության համաձայն»,- ընդգծում է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հաջիզադեն պատասխանել է նաև Հայաստանի վարչապետի հայտարարություններին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին Ադրբեջանի խոչընդոտման մասին և նշել, որ «Հայաստանի «տարածքային հավակնությունները» Թուրքիայի նկատմամբ արտացոլված են նրա Անկախության հռչակագրում և Սահմանադրության մեջ, որը «չի ճանաչում իր հարևանների սահմանները», ինչն ուղղակիորեն վկայում է նրա մեղադրանքների «անհեթեթության» մասին»։