Փարաքար համայնքում շահագործվող բենզալցակայանի գործունեությունը դադարեցվել է․ ՀՀ ՔՏՀԱ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային 90 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանում (ԲԼԿ)՝ նախկինում Տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրի պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելու համար։
Ըստ այդմ՝ Տեսչական մարմնի մասնագետները նշված բենզալցակայանում կրկին իրականացված վերահսկողության արդյունքում պարզել են, որ նախկինում տրված կարգադրագրի պահանջները չեն կատարվել։ Այդպիսով՝ փաստվել է, որ շահագործվող ԲԼԿ-ում հայտնաբերված քաղաքաշինության, քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծման և կառուցապատման խախտված նորմերի վերացման համար տրված կարգադրագրերի պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել, և խախտումները չեն վերացվել, որի հետևանքով չի ապահովվում ԲԼԿ-ի շահագործման անվտանգությունը, ինչն էլ անմիջական և ուղղակի սպառնալիք է ստեղծում հրդեհների առաջացման, մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգության համար։
Ուստի, հաշվի առնելով հանրության համար վտանգի առաջացման հանգամանքը, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում՝ բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։
ԲԼԿ-ն շահագործող տնտեսավարողի առջև պահանջ է դրվել՝ որոշման ստացման պահից սկսած՝ 2 օրվա ընթացքում ամբողջությամբ դատարկել և չեզոքացնել պահեստարաններում առկա վառելիքը։