Նոյեմբերի 13-14-ը «Ակումբ 11»-ի տարածքում անցկացվեց «Հրաշքներ տեքստիլից»՝ արտադրական թափոններից ստեղծված իրերի ցուցահանդես։
Ցուցահանդեսի գաղափարը Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Սուսաննա Ամիրխանյանինն էր։
Civic.am-ի հետ զրույցում Սուսաննա Ամիրխանյանն ասաց, որ ինքը մասնագիտությամբ բանասեր է, բայց միշտ կարել և գործել է։
«Ես միշտ փորձել եմ հնից նորը ստեղծել, դա ավելի հետաքրքիր է եղել ինձ համար։ Պատերազմից հետո «Էկո աղբ, էկո համայնք» կազմակերպությունը դիմեց ինձ խնդրանքով՝ ինչ անել հին շորերի հետ։ Պատերազմի ժամանակ շատ շորեր հավաքեցին և այդ շորերից ոչ բոլորն էին պիտանի նվիրտվության համար։ Մենք սկսեցիքն տեսակավորել այդ շորերը և տեսակավորումից, երևի թե, մի կոնտեյների չափ շորեր հավաքվեց, որոնք պետք է գնային վերամշակման կամ՝ աղբաման։ Դրանից հետո այդ շորերը տարանք իմ ավտոտնակ, տեսակավորեցինք, և ես սկսեցի փնտրել մարդկանց, հմուտ ձեռքեր, որոնք կարող էին ինչ-որ բան ստեղծել։ Ստեղծվեց խումբ, որը կոչվում է «Ինչից ինչ»՝ տեքստիլի արվեստի կենտրոն, ստեղծեցի նաև «Լաթե» էջը։ Արդյունքում ունեցանք մեծ հեղինակների խումբ, հավաքվեցին նաև արտադրողներ, որոնք տրամադրեցին մեզ արտադրական լաթեր։ Այսինքն՝ մենք փրկում ենք բնությունը տեքստիլի թափոնից»,-բասաց Սուսաննա Ամիրխանյանը։
Ցուցահանդեսին ներկայացված են անկողնային պարագաներ, ծածկոցներ, խոհանոցային պարագաներ, դեկորատիվ նկարներ, խաղալինքեր և այլն։
Ցուցահանդեսի մասնակիցներից Աննա Բադալյանն էլ, որը երկար տարիներ արտադրության ոլորտում աշխատել է որպես հաշվապահ, բայց միշտ ազատ ժամանակ է գտել ձեռքի աշխատանքների համար, ասաց, որ ինքն էլ ինչ-որ բան նետելուց առաջ միշտ մտածել է՝ սրանից ի՞նչ կարելի է ստանալ։
«Եվ հիմա, օրինակ, պայուսակ եմ կրում, որը ստացել եմ բաճկոնի թևերից և կապիշոնից»,-ասաց Աննա Բադալյանը։
Անուշ Մխիթարյանն էլ Թալինից է, տիկին Սուսաննայի հետ ծանոթացել է «Ինչից ինչ» խմբից և քանի որ չի ունեցել կտորներ, որպեսզի աշխատանք կատարի, տիկին Սուսաննան նրան տրամադրել է նյութերը, որոնցից Անուշը ստացել է մանկական զարգացնող գնդակներ։
Ալինա Գանջալյանն էլ մասնագիտությամբ տնտեսագետ-ինժեներ է, ներկայումս զբաղվում է տիկնիկագործությամբ, ցուցահանդեսին ներկայացրել է իր տիկնիկների տեսականին։
«Սկզբում հելյունով խաղալիքներ էի գործում ու նվիրում, հետո արդեն մտածեցի դա վերածել բիզնեսի։ Արդեն վեց և ավել տարի է զբաղվում եմ տիկնիկագործությամբ և մասնակցել եմ բազմաթիվ ցուցահանդեսների»,-ասաց Ալինա Գանջալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան