Արցախում 2023 թվականի փետրվարին նախատեսվում են սահմանադրական փոփոխություններ։ Նախագծով նախագահականից անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգի։ Կիսանախագահական կառավարման մոդելի անցնելու դեպքում կառավարությունը կազմված կլինի վարչապետից ու նախարարներից։ Ըստ նոր հայեցակարգի՝ վարչապետին նշանակելու է նախագահը՝ Ազգային ժողովի համաձայնությամբ, իսկ նախագահին ու Ազգային ժողովին ընտրելու է ժողովուրդը, եթե արտակարգ իրավիճակներ չլինեն, հակառակ դեպքում` նախագահին ընտրելու է ԱԺ-ն։ Ազգային ժողովի քվեարկությունից հետո նախագիծը դրվելու է հանրաքվեի։
Այսպիսիով, ըստ Սահմանադրական փոփոխությունների, Արցախի ԱԺ-ն կարող է փոփոխություններ կատարել Սահմանադրության 169 օրենքներում, այդ թվում՝ Արցախի համար ճակատագրական որոշումներ կայացնելու, ղեկավար պաշտոնյաների ընտրության կարգի հարցերում, օրինակ՝ Արցախում բնակվելու 10 տարվա նորմը հնարավոր է փոխվի։
Հակասական մեկնաբանությունների տեղիք տված այս նախագծի մասին խոսել ենք արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի հետ։
Նա այսպիսի կարծիք հայտնեց․ «Սահմանադրական փոփոխություններով Ազգային ժողովը մի վիճելի, տարօրինակ գործընթաց է սկսել, որով ԱԺ-ին հնարավորություն է տրվելու իր 2/3-ով Սահմանադրության 175 հոդվածից 169-ը ինքնուրույն, առանց հանրաքվեի, փոխի ինչպես ուզի, ինչպես հարմար գտնի»։
Օսիպյանի պնդմամբ՝ այսպիսով ԱԺ-ն ցանկանում են սարքեն վերսահմանադրական մարմին, որը ծառայելու է խորհրդարանական կուսակցական թևի՝ իշխանության շահերին․ «Ցանկանում են իշխանությունը պահել, բայց ընտրություն չանել։ Սա է փոփոխության նպատակը։ Այսպիսի տարօրինակ համակարգ աշխարհում չկա»,- ընդգծեց նա։
Ի՞նչ կասեք փորձագետների շրջանում հնչող մտավախության մասին, որ այս փոփոխությունից հետո հարմար պահի Ազգային ժողովը առանց հանրաքվեի՝ կարող է այնպիսի ճակատագրական որոշում ընդունել, ինչպիսին օրինակ՝ Արցախի կարգավիճակն է, մասնավորապես այն ՌԴ մաս ճանաչելն է՝ հարցին ի պատասխան՝ Օսիպյանը նշեց, որ այսպիսի լիազորություններով ԱԺ-ն ոչ միայն կարող է ՌԴ մաս ճանաչել Արցախը, այլ ընդհանրապես Արցախի ճակատագրի հետ կապված ամեն ինչ որոշել։
«Բանն այն է, որ այդ 33 հոգին՝ 2/3-ը արդեն խումբ է, որը անպատասխանատու է, մեկը չի դավաճանը, պատասխանատուն։ Բացի այդ, այս խումբը վաղը կարող է Ռուսաստանից կամ գուցե ԱՄՆ-ից ինչ-որ մեկին, ինչ-որ հարուստ բարերար մեկին բերել ու Արցախը ծախելով՝ հանձնել նրան»,- հավելեց զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Արցախը ՌԴ մաս ճանաչելու հանգամանքին, նրա կարծիքով՝ ներկայումս այդպիսի հնարավորություն, նաև աշխարհաքաղաքական նախադրյալներ չկան, եթե նույնիսկ բնակչության մեծ մասը ունենա նման ցանկություն։
«Հանրաքվեի նախաձեռնություն Արցախում ինչ-որ անհատների կողմից եղել է, Ռուսաստանն ասել է ՝թողնենք այդ հարցը։ Այսինքն՝ դեռևս ՌԴ-ի համար դա հիմա անցանկալի է, որովհետև Ռուսաստանը հարյուր խնդիր ունի՝ Օսեթիայում, Ուկրաինայում։ Այսօրվա դրությամբ հնարավոր չէ»,- բացատրեց նա։
Հարցին,արդյոք հնարավորություն տեսնում են, որ ՌԴ-ն, Ադրբեջանի հակառուսական քայլերին ի պատասխան, մասնավորապես խաղաղապահ առաքելությանը դեմ լինելը հաշվի առնելով, որոշի ճանաչել Արցախի անկախությունը, Օսիպյանը պատասխանեց, որ այդ հավանականությունը շատ քիչ է, որովհետև «եթե հիմա խոչընդոտը Ուկրաինայի հետ ճգնաժամը և այլ ճակատներում ունեցած խնդիրներն են, ապա հետագայում կարող է խանգարել Թուրքիայի հետ բավականին լավ հարաբերությունները։ Թուրքիան շատ կարևոր տնտեսա-քաղաքական գործընկեր է Ռուսաստանի համար և դժվար է պատկերացնել, որ մոտ ապագայում կճանաչի Արցախի անկախությւոնը։ Բայց Արցախի անկախության ճանաչման առաջարկը կարելի է անել ոչ միայն ՌԴ-ին, այլ այն երկրին, ով կճանաչի և խաղաղապահներ կտեղակայի Արցախում՝երաշխավորելով արցախահայության անվտանգություը։ Նա նույնպես այն կարծիքին է, որ Արցախի ԱԺ-ն հնարավորություն է ունենալու օրինակ՝ Արցախում 10 տարի չապրած մարդուն ղեկավար, նախարար նշանակել․ «Այս օրենքը ինքն իրենով վտանգ է, չպետք է թույլ տալ, և Արցախի մի մասը, ով որ հասկանում է նախագծի նպատակները, դեմ է այս փոփոխությանը»,- շեշտեց նա։
Իսկ ռուսական զորքերի մնալ-չմնալու հանգամանքը, ըստ նրա, շատ մշուշոտ է, ոչ ոք չի կարող հստակ բան ասել։ Նույնիսկ հնարավոր է՝ Ալիևը վերջում ինքը խնդրի, որ ռուսական զորքերը մնան։
«Ինչ վերաբերվում է արցախցիների՝ Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքին՝անկախ նրանից, որ ՌԴ-ն չի կարողանում բավարար չափով պաշտպանել արցախահայության անվտանգությունը, կատարել իր խոստումները, ապա պետք է ասել, որ Արցախում որոշակի զանգված կա, որ փրկության հույսը, ապագան կապում է միայն Ռուսաստանի հետ։ Այս մոտեցումը, ինչքան էլ անընդունելի է, ինձ ու շատերի համար, բայց դրա լինելը բնական ու հասկանալի է․ պետք է մտնել արցախահայության դրության մեջ։ Մենք գտնվում ենք 180 աստիճանի շրջափակման մեջ, մեզ սպառնում են ռազմական ուժով ոչնչացնել, և մենք բանակ չունենք ինքնապաշտպանվելու համար, և բնականաբար ինքնապահպանման բնազդը մղում է ինչ-որ փրկություն գտնել,և այդ փրկությունը տեսնում են ՌԴ-ի միջոցով, որովհետև նրա խաղաղաղապահներն են այստեղ պաշտպանում մեզ ցեղասպանությունից, նրա միջնորդությամբ է հրադադար հաստատվել»,- նշեց Օսիպյանը։
Մյուս կողմից էլ, ըստ նրա, խոչընդոտ է, որ Հայաստանը չի ճանաչել մեր անկախությունը, չենք կարող միանալ և միանալու ցանկության դեպքում մեզ սպառնում են ջարդել։ «Իսկ թշնամին հենց նման հարմար պահի է սպասում, որ հարձակվի, հայաջնջման իր սև ծրագիրն իրականացնի։ Արցախում ճնշող մեծամասնությունը այն կարծիքի է,որ պետք է անկախանանք, հետո միանանք Հյաստանին։ Սա է մեծամասնության կարծիքը, բայց քանի որ այդ հնարավորությունից զրկված ենք հիմա, մտածում են թուրքի լծի տակ չհայտնվելու համար՝ միանան Ռուսաստանին»։
Անդրադառնալով Արցախում վտանգավոր թեզի տարածմանը, թե Հայաստանը լվացել է ձեռքերը Արցախից, Ռուսաստանին միանալը այլընտրանք չունի՝ ցավով հասատատեց, որ այդ թեզը, բավականին ինտենսիվ կերպով տարածվում է, և տարածվում տեղի ընդդիմության կողմից։ «Բայց փաստ է, որ միայն ռազմական ներկայություն չունի, սակայն մնացած հարցերը, նույնիսկ անվտանգային՝ Հայաստանն է ապահովում։ Ռուսի հետ խոսողը Հայաստանն է, հո մենք չենք։ Խաղաղապահի հարցերով զբաղվողը նույնպես Հայաստանն է։ Սա Հայաստանի իշխանության ինֆորմացիոն դաշտում ունեցած պարտության հետևաքն է»,- կարծում է նա։
Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի լայն լիազորություններով պետնախարար նշանակվելու հարցին՝ Օսիպյանն ասաց․ «Եթե Ռուբեն Վարդանյանը կարողանա 10 տարիների ընթացքում ձևավորված, արմատավորված կոռուպցիոն սխեմաները քանդել, օրինավոր, արդար լուծում տալ, ուրեմն Ռուբեն Վարդանյանը անկեղծ է, եկել է այն նպատակներով, ինչ որ հայտարարել է։ Եթե ինքը այդ ամենը չանի, կոռուպցիան չվերացնի, արդարությունը չվերականգնի, որը ժողովրդի հիմնական մտահոգություններից է, ուրեմն նույն Բակոյի քաղաքականությունն է վարում։
Ինչ վերաբերում է նրա՝ ՌԴ էլիտայի հետ կապերին և անկախության գաղափարի մասին ունեցած պատկերացումներին, (Բոլորովին վերջերս նա դեմ չէր Հայաստանը տեսնել Թաթարստանի կարգավիճակով ՌԴ կազմում), ապա իրեն բարոյական իրավունք չի վերապահում առանց իմանալու մարդու մտադրությունները, դրա անկեղծությունը՝ քննադատել։ «Կարող եմ ասել՝առաջին տպավորությամբ՝ Վարդանյանը բավականին բալանսավորված քաղաքականություն է վարում, բացի ՌԴ-ից՝ կարևորում է այլ միջազգային գործընկերների դերը, շատ ավելի հստակ, հանոզիչ է, քան Արցախի ներկայիս իշխանությունները, ԱԳՆ, բոլորը՝ հրամանատարները, նախարարները, որոնք զրո կարգավիճակ ունեն»,- ընդգծեց նա։
Ղազարյան Թամարա