Անձին բերման ենթարկելու համար ծանուցում չեն ուղարկում․ փոխոստիկանապետը՝ Մեղրիի քաղաքապետին բերման ենթարկելու մասին
«Կան հանցագործության կատարման դեպքեր, որի կապակցությամբ Ոստիկանության կողմից և ոչ միայն Ոստիկանության կողմից, կիրականացվեն և իրականացվում են արդեն իսկ համապատասխան միջոցառումներ»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսելով Սյունիքի մարզի դեպքերի մասին՝ ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը։ 

Նա տեղեկացրեց, որ այս պահին կալանավորված անձ չկա, որովհետև կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրվում է դատարանի կողմից, դատավարական կարգավիճակ ձեռք են բերում անձինք, որոշակի գործողությունների արդյունքում, այսինքն՝ միանգամից անձին բերման ենթարկելիս անձին չի շնորհվում դատավարական կարգավիճակ։ Եթե մերժվի տվյալ մոտեցումը, որ այնտեղ խուլիգանություն առկա չէ, հետևաբար տվյալ անձի նկատմամբ կամ առհասարակ որևէ գործողություն չի իրականացվում։  

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչու են Մեղրիի  քաղաքապետին առանց ծանուցագրի բերման ենթարկել, ի պատասխան, Արա Ֆիդանյանն ասաց․

«Ծանուցում ուղարկում են համապատասխան դատավարական գործողությունների ընթացքում։ Անձին բերման ենթարկելու համար ծանուցում չեն ուղարկում»,- ասաց ոստիկանապետի տեղակալը։ 

Նա նաև ասաց, որ ներկայումս իրականացվում են համապատասխան օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ։ 

Ի պատասխան հարցին, թե իրավաչա՞փ էին արդյոք ոստիկանների երեկվա գործողությունները, Արա Ֆիդանյանն ասաց, որ համաչափ է համարում ոստիկանների գործողությունները։