Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը։ Զեկուցող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Կառավարությունն ունի պարտավորություն մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը ԱԺ ներկայացնել նախորդ տարվա բյուջեի կատարման արդյունքները բացահայտող տարեկան հաշվետվությունը։
Ֆինանսների նախարարը նշեց, որ 2019 թվականին ունեցել ենք վերելքի ժամանակահատված․ համաշխարհային աճի 2,9% աճի պայմաններում Հայաստանի տնտեսությունն աճել է 7,6%-ով։ Սա ենթադրում է, որ հնարավորություններ է ընձեռվել փոխել պարտավորությունների կատարման շրջանակը։ Ըստ նախարարի՝ 2019 թվականին մենք անվանական արտահայտությամբ 16%-ով ավելի մեծ հարկային եկամուտներ ենք ունեցել, քան 2018 թվականին։ 2019 թվականի վերելքը հնարավորություն է տվել փոխել իրավիճակը և վերանայել ծախսային մինչ այդ ունեցած քաղաքականությունների համար նախատեսված միջոցները։
«ԿԳՄՍ նախարարության բնագավառում ունեցանք հատկացումների, հետևաբար նաև կատարողականի շուրջ 11% աճ, առողջապահության բնագավառում՝ 22%։ Կապիտալ ծախսերը, անվանական արտահայտությամբ, 2018 թվականի համեմատությամբ աճել են 30%-ով և արդյունքում, բյուջեի հիմնական ցուցանիշների կատարմամբ, հանգեցինք դեֆիցիտի 1% մեծության։ Սրանով մենք մուտք գործեցինք 2020 թվական։ 2019 թվականին կուտակված դիմադրողականության պաշարը թույլ տվեց 2020 թվականի ցնցումներին դիմակայել», - ասաց Ջանջուղազյանը։
Ջանջուղազյանը նշեց, որ հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությամբ ճգնաժամի ժամանակահատվածում կանխատեսվել էր, որ ունենալու ենք տնտեսական անկում և հետևաբար ավելի ցածր հարկային եկամուտներ, բայց կուտակված պաշարը մեզ հնարավորություն է ընձեռել պարտք ներգրավելու ճանապարհով առանձնապես չփոխել մեր վարքագիծը ծախսային քաղաքականության մեջ, ինչը հնարավորություն է տվել ոչ միայն ամբողջ ծավալով, այլև ժամանակին և գործող կարգավորումներով նախատեսված՝ կատարվեն ստանձնած բոլոր պարտավորությունները։
«Արդյունքում մենք ունեցանք ավելի մեծ դեֆիցիտ (2,3%-ի փոխարեն ունեցանք 5,5% դեֆիցիտ), քան պլանավորված էր։ Աա այն գինն է, որը վճարվել է, որպեսզի կարողանանք մեղմել տնտեսական անկումը, ինչը պայմանավորված էր covid-ով և պատերազմի հետևանքներով»,- նշեց նախարարը։
Նախարարը նշեց նաև, որ ունենք նաև գնահատականներ, թե ինչպիսին է հարաբերակցությունը ամբողջ աշխարհում, և զարգացող երկրների համեմատությամբ՝ մենք մոտավորապես համադրելի ենք։
Անդրադառնալով Հայաստան Համահայկական հիմնադրամի կողմից փոխանցված գումարների շուրջ շահարկումներին`վարչապետը նշեց, որ ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի համար Կառավարությունը իրականացրել է շուրջ 120 միլիարդ դրամի հատկացում, որից 52 միլիարդ դրամն է հատկացվել հիմնադրամի կողմից։
Վարչապետը նշեց նաև, որ վերջերս տեղի ունեցած Հայաստան Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ներկայացրել է ծախսերի բացվածքը, որի արդյունքում հոգաբարձուների խորհուրդը տարածել է հայտարարություն, որով վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։