Տիգրան Եգորյանը կարծում է, որ դատավորը համալրում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմը
 Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած հայցի քննությունը՝ ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի:

Քոչարյանը Մանուկյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար: Նիստին այսօր առաջին անգամ մասնակցում է նաև Արամ Մանուկյանը։ Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն այս պահին դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացնում։ «Մի կողմ թողնելով դատավորի անաչառությունն ու օբյեկտիվությունը՝ դատարանը լծվում է ներկայացված հայցի համար ապացույցների ձեռքբերման և ապահովման գործին, ըստ էության դատավորը համալրում է Ռոբերտ Քոչարյանի  քաղաքական թիմը՝ ևս մեկ իրավաբանով։ Դատարանը պետք է հանդես գա չեզոք արբիտրի կարգավիճակում» ,-ասաց Տիգրան Եգորյանը։

Վերջինիս խոսքով՝ դատարանը, հասկանալով, որ սա քաղաքական խոսք է հատկապես հաշվի առնելով պատասխանողի, հայցվորի անձերը և նրանց քաղաքական գործունեությունը, որքանով որ դա կարող է  վերաբերվել հայցվորին, ակնհայտ է, որ խոսքը գնում է այսպես կոչված մի ձևակերպում մասին՝ «քաղաքականության դատավարացում», այն ինչը հայցվորը 2018 թվականի քաղաքականություն վերդառանալու հայտարարությունից ի վեր փորձում է կատարել՝ իրավաբանների օգնությամբ, լեգալիստական քողով պաշտպանվել քաղաքական վեճերում։ «Սա խնդրահարույց մի բան է։ Այ էս բանի համար եմ ես դիտարկում, որ ոնց որ թե նախագահողը համալրում է հայցվորի քաղաքական թիմի շարքերը» ,-ասաց Եգորյանը։  

Այնուհետև Տիգրան Եգորյանն ասաց, որ ունենք մի իրավիճակ, երբ իրեն քաղաքական գործիչ հռչակած անձը զբաղեցրել է ամենաբարձր պաշտոնները, հայտարարել է, որ վերադառնում է քաղաքականություն, երբ նրան  մեղադրանք են առաջադրել, այս պարագայում, երբ  հայցվորը սուր քննադատության է ենթարկվում որևէ մեկի կողմից, նա պետք է որպես քաղաքական գործիչ, շատ ավելի բարձր հանդուրժողականություն դրսևորի, քան դա կարող է պահանջվել հասարակ քաղաքացուց, «Երբ նա քննադատության է ենթարկվում ՀՀ անկախացման գործընթացի ակունքներում կանգնած, այդ գործընթացների բոլոր ուղղություններում, այդ թվում նաև հայցվորի կենսագրությանը քաջ ծանոթ քաղաքական գործչի կողմից, նաև հանդուրժողականությունն ավելի մեծ պետք է լինի։ Այս ամենը հաշվի առնելով՝ մենք կարծում ենք, որ դուք այդ գործով չեք կարող հանդես գալ որպես անկողմնակալ, անաչառ դատարան, բայց եթե դուք կպնդեք, որ այդ ամբողջը չեք պատկերացրել անելուց, ապա մասնագիտական անձեռնահասության հիմքով դուք պետք  հեռանաք այս գործից։ Կա ավելի բարձր շահ, դա դատարանի հեղիկանակություն է, որը ձեր վարքագծի հետևանքով մեծ վնաս է կրում, առանց այն էլ խարխլված և զրոյացված հանրային վստահության պայմաններում՝ առ դատարան» ,-ասաց Տիգրան Եգորյանը։ 

Արձագանքելով Եգորյանին՝ դատավոր Լիլիթ Սարգսյանն ասաց, որ փառք Աստծո, ինքն այն դատավորներից եմ, որ դատարանի հեղինակությունը բարձր է պահում։ 

Այնուհետև դատավորն ասաց, որ դատական նիստը չի կարելի քաղաքականցնել։ 

Դրան արձագանքեց Արամ Մանուկյանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Լուսինե Հակոբյանը՝ նշելով, որ դա ապացուցում է, որ դատավորը բացարձակ իրազեկ չէ, որ քաղաքական խոսքը արտահայտվելու ազատության իրավունքներում բարձր ազատությամբ է օժտված։ Հայցվորի ներկայացուցիչը  առարկեց ներկայացված միջնորդության վերաբերյալ և անդրադառնալով ներկայացված փաստերին՝ ասաց՝  դրանք չեն կարող համարվել հիմնավոր պատճառ դատավորին փոփոխելու համար։ Նա նշեց, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։

Միջնորդության որոշումը կհարապարկվի վաղը՝ ապրիլի 23-ին, ժամը 16։30-ին։