Արտահերթ ընտրությունները կընթանան ԱԺ-ի ընդունած ԸՕ փոփոխությունով, այսօր լրացավ նախագահին տրված 21-օրյա ժամկետը․Դանիելյան
Երեկ հրապարակվեց Վենետիկի մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ։
 
Որոշ լրատվամիջոցների հրապարակումներում, որտեղ անդրադարձ է արվում Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը՝ նշվում է, որ հանձնաժողովը խորհուրդ չի տալիս առնվազն մեկ տարի փոփոխված Ընտրական օրենսգրքով կազմակերպել ընտրությունները։ Որոշ լրատվամիջոցներ էլ ներկայացնելով եզրակացության բովանդակությունը՝ գրառել են, որ փոփոխությունները կատարվում են ընտրությունների օրվան շատ մոտ ժամանակահատվածում, ինչը ցանկալի չէ։ Իսկ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառել է, որ Վենետիկի Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքում որևէ խնդիր չի արձանագրված՝ ապրիլի 1-ին Խորհրդարանի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով արտահերթ ընտրություն անցկացնելու մասով։
 
Civic.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն, անդրադառնալով մեր մատնանշած հակասությանը, նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքում չկա ասված, որ պարզեցված ընտրակարգով չպետք է լինեն առաջիկա արտահերթ ընտրություններ. «Եզրակացության մեջ նշվել է, որ իրենք ունեն նման խորհուրդ, որ ցանկալի է ընտրություններից որոշակի ժամանակ առաջ կատարվեն փոփոխությունները, բայց և միաժամանակ ընդգծել են, որ այդ փոփոխությունների վերաբերյալ քննարկումները եղել են շատ ներառական և վայելում են հասարակական և քաղաքական ուժերի աջակցությունը, որ կազմակերպական առումով խնդիրներ չեն ստեղծում և համակարգը պարզեցվում է»։
 
Համազասպ Դանիելյանը հավելեց նաև, որ եզրակացության մեջ արված ոչ բոլոր դիտարկումները «Իմ քայլը» խմբակցությունը կվերանայի, միայն որոշ դրույթների վերաբերյալ փոփոխությունների կլինեն։ Բայց նշեց նաև, որ կան դրույթներ, որոնցում հավատացած են, որ իրենց մոտեցումը ճիշտ է, հետևաբար այդ դրույթներն անփոփոխ կմնան․ «Օրինակ իրենք արգելապատնեշների հետ կապված դիտարկում են արել՝ ասում են, որ դաշինքների համար արգելապատնեշն ավելացնելը պետք է լրացուցիչ հիմնավորվի, բայց մենք գտնում ենք, որ մեր մոտեցումը հիմնավոր է և կարող է այն չկիրառվի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նկատմամբ»։
 
Մեր զրուցակցի խոսքով արտահերթ ընտրությունները կընթանան ապրիլի 1-ին ԱԺ-ի ընդունած ԸՕ փոփոխություններով։ Նա ընդգծեց, որ այսօր արդեն օրենքով սահմանված 21-րդ օրը լրանում է, որ ՀՀ նախագահը չի ստորագրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը և չի էլ ուղարկել Սահմանադրական դատարան, հետևաբար այն կստորագրի ԱԺ նախագահը։
 
Ընտրական օրենսգքրի փոփոխությունների և լրացումների ամբողջական նախագիծը Վենետիկ էր ուղարկվել ԼՀԿ խմբակցության առաջարկի հետ միասին, վերջինով առաջարկվում էր ընտրությունները բաց ցուցակներով կազմակերպել ։ Համազասպ Դանիելյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիք է գրված այդ մասով եզրակացության մեջ, սակայն պատգամավորն ընդգծեց, որ ԼՀԿ-ի առաջարկին եզրակացության մեջ անդրադարձ չի արվել։
 
Հիշեցնենք, որ ապրիլին ԱԺ-ն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մի մասի վերաբերյալ նախագիծը, ըստ որի հանվում է տարածքային ընտրատարածքներում պատգամավորի թեկնածության առաջադրումն ու մնում է միայն համամասնական ցուցակների տարբերակը:
 
Նարա Մարտիրոսյան