Բացահայտվել են ՃՈ տեսուչների կողմից երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ թույլ տված բազմաթիվ վարորդներից կաշառք ստանալու դեպքեր. ՃՈ 3 տեսուչ ձերբակալված է
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» տեսուչներ Կ. Հ.-ն, Կ. Մ.-ն և Ա. Ա.-ն երթևեկության կանոնների խախտումներ, իսկ որոշ դեպքերում անգամ կոպիտ խախտումներ թույլ տված՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի կամ վարորդական վկայականի երթևեկող, նույնիսկ վարորդական իրավունքից զրկված բազմաթիվ վարորդների նկատմամբ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից պահանջել և ստացել են մինչև 10.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, նախաքննությամբ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ ոստիկանության հիշյալ պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական դիրքը և խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմել:

30.01.2023 թ.-ին  ՃՈ տեսուչներ Կ. Հ.-ն, Կ. Մ.-ն և Ա. Ա.-ն կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ առերևույթ հանցագործությունների, ինչպես նաև դրանք կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ: