ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի օգնական Արթուր Ժիրայրի Միքայելյանը, պարզվում է, խախտել է հայտարարատու անձին ներկայացվող օրենքի պահանջը։ Միքայելյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում չի նշել այն ընկերությունները, որոնց բաժնետերն է։ Խոսքը մասնավորապես «Էլատ» ՍՊԸ-ի և «Իթ քեն բի» ՍՊԸ-ի մասին է։ Առաջինում, ըստ պետռեգիստրի տվյալների, Միքայելյանն ունի 100 տոկոս մասնակցություն, երկրորդում՝ 50 տոկոս։ Հարկ է նշել, որ Միքայելյանի հայտարարագրում, որը ԿԿՀ է ներկայացվել հոկտեմբերի 19-ին, հիշատակում չկա այն մասին, որ հիշյալ ընկերություններում իր ունեցած բաժնեմասերը ԱԺ պատգամավորի օգնականը հանձնել է հավատարմագրային կառավարման։
2021 թ. պետական գրանցում ստացած
«ԷԼԱՏ ՍՊԸ»-ն գործունեություն է ծավալում անշարժ գույքի ոլորտում (վաճառք և վարձակալություն),
իսկ «Իթ քեն բի» ՍՊԸ-ն՝ 2023-ից գործող, զբաղվում
է խաղերի և խաղալիքների մեծածախ առևտրով։
Նշենք, որ ըստ «Հանրային ծառայության
մասին» օրենքի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող
զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման
այլ մարմիններում, որևէ պաշտոն՝ առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական
գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական
աշխատանքից։ Օրենքը պահանջում է, որ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում
մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) ունենալու կամ պաշտոնավարման ընթացքում
ժառանգություն ստանալու դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները
պաշտոնն ստանձնելուց կամ ժառանգությունն ընդունելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն
օրենքով սահմանված կարգով հանձնեն հավատարմագրային կառավարման։ Պարտավորություն, որը
ԱԺ պատգամավորի օգնականը, ստացվում է, շրջանցել է՝ խախտելով օրենքը։
Արթուր Միքայելյանը, որը պաշտոնն
ստանձնել է 04/08/2026-ին, պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ ունեցած իր գույքի և
եկամուտների հայտարարագրում
որպես անշարժ գույք նշել է Երևանում գտնվող
1 բնակարան, որը նրան է պատկանում համատեղ սեփականության իրավունքով, երկու տրանսպորտային
միջոց՝ 2011 թ. արտադրության
MERCEDES-BENZ (ձեռք է բերել 2015-ին, գնման եղանակով) և 2013 թ. արտադրության TOYOTA, որը գնել է 2023 թվականին։
Որպես դրամական միջոց Նարեկ Կարապետյանի
օգնականը հայտարարագրել է 3,778.45 եվրո և
1,718,152.57 դրամ։ Որպես կանխիկ դրամ՝ 5,000 դոլար, 8 ,000 եվրո և 15․000,000 դրամ։ Ուշագրավ է, որ եկամուտների բաժնում Միքայելյանը
նշել է «ԷԼԱՏ» ՍՊԸ-ից ստացած ավելի քան 48 հազար դրամ աշխատավարձը, ինչպես նաև «Ուժեղ
Հայաստան»-ից ստացած 4,397,866 դրամը, «Մեր
ձևով» Ազգային արժեքների պահպանության ՀԿ-ից ստացած 3,376,128 դրամը։
Միքայելյանը նաև որպես վարկի մայր գումար հայտարարագրում նշել է
2,950,917.44 դրամը։