Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ Քոչարյանը 3 միլիոն դոլար, իսկ Արմեն Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը՝ նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
Գործը քննելու ընթացքում թարգմանչի անհրաժեշտություն էր առաջացել, քանի որ, ըստ մեղադրող կողմի՝ որոշ ապացույցների թարգմանությունը չէր համապատասխանում բնօրինակին:
Թարգմանիչն այսօրվա նիստին չէր ներկայացել՝ դատարանին գրավոր կերպով տեղեկացնելով, որ չներկայանալու պատճառը վատառողջ լինելն է։
Մեղադրող կողմը նշեց, որ դատարանը որոշել է, որ ապացույցները պետք է հետազոտվեն թարգմանությունը կատարած թարգմանչի ներկայությամբ։ «Մեզ պարզ չէ նաև, թե պաշտպանական կողմը ի՞նչ տերմինների թարգմանության հետ կապված առարկություններ ունի։ Արդյոք դրանք միայն «loan» բառի հե՞տ են կախված։ Դրա համար այդ պարզաբանումները մեզ ոչինչ չեն տալիս։ Եթե դատարանն անհրաժեշտ է համարել, որ փաստաթուղթը պետք է հետազոտվի թարգմանչի ներկայությամբ, ուրեմն այդպես էլ պետք է լինի»,- ասաց դատախազը և միջնորդեց, որ դատական նիստը շարունակվի թարգմանչի ներկայությամբ։
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը համաձայնեց, որ դատական նիստը անհրաժեշտ է հետաձգել։ Արմեն Գևորգյանի պաշտպանն էլ խնդրեց հետաձգելու դեպքում նիստը չնշանակել փետրվարի 7-ին, քանի որ այդ օրը կայանալու է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և կառավարման հարցերի եվրոպական կոմիտեի նիստ, որին օնլայն կերպով մասնակցելու է նաև Արմեն Գևորգյանը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը համաձայնեց կողմերի հետ և նշեց, որ թարգմանիչը կծանուցվի հաջորդ դատական նիստի մասին, նաև՝ անհրաժեշտ բացատրություններ կպահանջի նիստից բացակայելու համար։
Այս գործով դատական նիստերը սովորաբար տեղի են ունենում ամեն երեքշաբթի։ Հետևաբար մեղադրող դատախազը խնդրեց նիստը հետաձգելու դեպքում, եթե պարզվի, որ այն հնարավոր չէ իրականացնել հաջորդ երեքշաբթի, ապա տեղափոխվի այդ շաբաթվա մեջ մեկ այլ օր։
Ի վերջո, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց փետրվարի 14-ին, ժամը 13-ին։