Գեղեցկության սրահների, լողավազանների սանիտարահիգիենիկ խախտման հիման վրա անցյալ տարի ԱԱՏՄ-ն ընդամենը 3 վարույթ է հարուցել, 2-ը կարճվել է
Հաշվի առնելով գեղեցկության սրահների, մարզասրահների, լողավազանների, ջակուզիների սանիտարահիգիենիկ վիճակի մասին ահազանգերը՝ civic.am-ը օրերս հարցում էր ուղարկել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ ճշտելու, թե 2022 թվականի ընթացքում ինչքա՞ն ստուգումներ են կատարվել, դրանց հիման վրա ինչքա՞ն և ի՞նչ բնույթի վարչական վարույթներ են կազմվել, ինչպես նաև հարցրել էինք, թե քաղաքացիներն ինչպիսի՞ խախտումների, անփութությունների մասին են ավելի հաճախ բողոք ներկայացրել։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից մեզ պատասխանել են, որ լողավազաններում, գեղեցկության սրահներում միասին վերցրած՝ 2022 թվականի կտրվածքով դիմումների հիմքով հարուցվել է ընդամենը երեք վարչական վարույթ, որից երկուսը կարճվել է վարչական իրավախախտման դեպքի բացակայության պատճառով, մեկի դեպքում սահմանվել է կարգադրագիր՝ խախտումները վերացնելու համար, և որպես պատասխանատվության միջոց՝ տույժ։ 

Ըստ տեսչության՝ երեք դեպքերից երկուսը կոնկրետ եղել է լողավազանների ջրի որակի, կառուցվածքի, շահագործման  հիգիենիկ պահանջների խախտման մասով՝ համաձայն ՀՀ կառավարության մայիսի 17-ի թիվ 534 որոշման։ Իսկ մեկ վարչական վարույթ արձանագրվել է գեղեցկության սրահում հիգիենիայի կանոնների խախտման դիմումի հիման վրա, սակայն այն նույնպես կարճվել է վարչական իրավախախտման դեպքի բացակայության հիմքով։ 

Նշենք նաև, որ տեսչական մարմնից չէին պատասխանել հարցին, թե ինչքան և ինչ բնույթի բողոքներ են ուղարկվել քաղաքացիների կողմից։