«Վարդա» ակումբում տղամարդու վրա կրակած Գոռ Խաչատրյանին՝ Մասիսի քաղաքապետի սանիկ «Զիբիլի Գոռին», մեղադրանք է առաջադրվել, նյութերն ուղարկվել են դատարան
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևան քաղաքում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը:

2021թ. մայիսի 14-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում գործող «Վարդա» ակումբի սրահում երկու հաճախորդ ուսերով հպվել են միմյանց, ինչի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով դուրս են եկել ակումբից: Նրանց են միացել բազմաթիվ անձինք, որից հետո վիճաբանությունը շարունակվել է ակումբի ավտոկայանատեղիում:

Վիճաբանության ժամանակ վերոնշյալ հաճախորդներից մեկը՝ Արարատի մարզի 34-ամյա բնակիչ Գ. Խ.-ն, անտեսելով տարածքին հարակից բնակելի տների, բանուկ տարածքի, ինչպես նաև տվյալ պահին տարածքում գտնվող բազմաթիվ անձանց ներկայությունը, մի խումբ անձանց մասնակցությամբ հրահրել է ծեծկռտուք: Խուլիգանության մասնակիցներն աղմկել են, հայհոյել, ոտքերով ու ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:

Քննությամբ պարզվել է, որ Գ.Խ.-ն, իր անձի կարծեցյալ առավելությունները ներկաների մոտ ընդգծելու մոլուցքով տարված, ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ պահվող 5,6մմ տրամաչափի ակոսափող փամփուշտներով լիցքավորված զենքով կրակոց է արձակել հակառակ կողմի մասնակիցների ուղղությամբ՝ նրանցից մեկին պատճառելով մարմնական վնասվածք:

Այնուհետև, 34-ամյա տղամարդը և միջադեպի մյուս մասնակիցները, հակադրվելով ակումբի աշխատակիցների և հաճախորդների կողմից հնչեցրած՝ հանդարտվելու կոչերին, չբավարարվելով կատարվածով, շարունակել են հայհոյել և բռնություն գործադրել միմյանց նկատմամբ:

Արդյունքում, Գ.Խ.-ն և միջադեպի մյուս մասնակիցները շուրջ 30 րոպե տևողությամբ կատարած դիտավորյալ խուլիգանական գործողություններով խաթարել են ակումբի բնականոն գործունեությունը, խախտել են ակումբի աշխատակիցների և հաճախորդների, ինչպես նաև հարակից տարածքում գտնվող և երթևեկող քաղաքացիների հանգիստն ու գիշերային անդորրը, նրանց մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում, բազմաթիվ հաճախորդներ պաշտպանվելու համար դիմել են փախուստի: Խուլիգանության մասնակիցների գործողությունները դադարել են միայն ոստիկանության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելուց և 34-ամյա տղամարդուն ու ներկաներից շատերին բերման ենթարկելուց հետո:

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ Գ.Խ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասին և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու:

Դեպքի այլ մասնակիցների, ինչպես նաև հրազենի իրացման դրվագներով նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ խոսքը Մասիսի քաղաքապետի սանիկի՝ «Զիբիլի Գոռ» մականվամբ հայտնի Գոռ Խաչատրյանի մասին է, ում հորը պատկանող «Մաքուր Մասիս» ՓԲԸ-ն է հաղթում քաղաքի սանմաքրման մրցույթներում։ 

Գոռ Խաչատրյանը՝ Զիբիլի Գոռը, թավշյա հեղափոխության օրերին խաղաղ քայլարշավի մասնակիցների դեմ հարձակումներ կիրառող հրոսակախմբի պարագլուխներից էր։ Նա մասնակցում էր թե՛ Էրեբունու ջարդերին, թե՛ Հայանիստի դեպքերին, որտեղ անգամ կրակել էին ցուցարարների վրա։