Ոստիկանությունն առաջարկում է քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառում՝ թղթային և էլեկտրոնային եղանակով․ Օտարերկրացիների կողմից ձեռք բերված զենքը հաշվառման ենթակա չէ․ Նախագիծ

ՀՀ ոստիկանությունը  նախագիծ է մշակել, որի  ընդունման դեպքում կապահովեն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝ կսահմանվի քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման կարգը՝ միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով։ Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքից civic.am-ը տեղեկացավ, որ ըստ քաղաքացիական եւ ծառայողական զենքերի հաշվառման կարգի՝ քաղաքացիական և ծառայողական զենքերը հաշվառվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ թղթային և էլեկտրոնային եղանակով։  

 Թղթային հաշվառման համար ներառվում են հետևյալ տեղեկությունները՝

1) Սահմանված ձևի դիմում, որում նշվում է՝
ա) անուն, ազգանուն, հայրանունը․
բ) ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծննդավայրը․
գ) մշտական և ժամանակավոր  բնակության հասցեն․
դ) հեռախոսահամարը․
ե) աշխատանքի վայրը, պաշտոնը․
զ) տեղեկություն անձանական զենք ունենալու վերաբերյալ․
է) տեղեկություն որսորդմիության անդամագրված լինելու վերաբերյալ․
ը) տեղեկություն դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի վերաբերյալ։
2) Դիմումի սահմանված տեղում փակցվում է դիմումտուի 3X4 չափսի մեկ լուսանկարը,
3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
4) զենքի պահման պայմանների առկայության վերաբերյալ հաշվառման կամ բնակության վայրի (կախված զենքը պահելու վայրից) Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված տեղեկանքը,
5) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 1-ի թիվ 07-Ն հրամանով հաստաված զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների առկայության կամ բացակայության մասին Ձև 2  բժշկական եզրակացությունը,
6) պետական տուրքի վճարման անդորրագիրը (անդորրագրերը)` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանվա կարգով և չափով,
7) զենքի  հետ կապված և անվտանգության կանոնների իմացության  տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստատուղթը,
8) դատվածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի Ձև 9 տեղեկանքը,
9) տեղեկություններ զենքի ձեռք բերման աղբյուրի, հիմքի, զենքի տեսակի, մոդելի, գործարանային համարի, տրամաչափի, ակոսափող հրազենների դեպքում նաև՝ գնդակապարկուճային քարտադարանում հաշվառված լինելու վերաբերյալ,
10) տրված թույլտվության  համարը (հսկողական համար),
11) ժամկետանց թույլտվությունը։
 
Էլեկտրոնային հաշվառման համար ներառվում են հետևյալ տեղեկությունները՝
ա)  անուն, ազգանուն, հայրանունը․
բ)   հաշվառման և ժամանակավոր  բնակության հասցեն․
գ)  աշխատանքի վայրը․
դ) անձնագրի և ՀԾՀ տվյալները․
ե) հսկողական գործի համարը․
զ) տեղեկություններ թույլտվություն տրված Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանման վերաբերյալ․
է) թույլտվություն կամ լիցենզիայի տեսակը, ուժի մեջ գտնվելու ժամկետը․
ը) զենքի տեսակը, մոդելը, գործարանային համարը, տրամաչափը․
թ) զենքի ձեռք բերման աղբյուրը, հիմքը։
5․ Էլեկտրոնային հաշվառումը իրականացվում է  «Ֆիզիկական և իրավաբանական անձանց գրանցված զենքի վերաբերյալ հաշվառման տվյալների շտեմարան» Հայաստանի Հանրապետության ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով, որի հասանելիությունը սահմանափակված է գաղտնաբառով։

Ըստ նախագծի հավելվածի՝  էլեկտրոնային և թղթային հաշվառում է տարվում նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց մարտական զենքի առանձին տեսակներ, իսկ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց ծառայողական զենք հատկացնելու դեպքերում։  Զենքի վերաբերյալ հաշվառման տվյալների շտեմարանը վարում է ՀՀ  ոստիկանության պատասխանատու  ծառայողը, ով քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում 
շտվյալները սխալ, թերի կամ այլ խախտումներով մուտքագրելու համար ենթակա է պատասխանատվության «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով սահմանված կարգով։ 


Թղթային հաշվառումը իրականացվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ անհատական գործեր կազմելու միջոցով, որը ներառում է թույլտվության ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։

Պետական ռազմականացված կազմակերպությունները պարտավոր են քաղաքացիական ու ծառայողական զենքը և դրա փամփուշտները հաշվառել սահմանված նմուշի փաստաթղթերի հիման վրա, որոնց վարման ցանկը, ձևն ու կարգը որոշվում են համապատասխան պետական ռազմականացված կազմակերպությունների նորմատիվ իրավական ակտերով:

Օտարերկրյա քաղաքացիների կողմից ձեռք բերված զենքն էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով չի հաշվառվում։  
Զենքի հափշտակման, կորստի, վերահսկողությունից դուրս մնալու, փաստի հայտնաբերման մասին տեղեկատվություն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում զենքի հաշվառման տվյալների շտեմարանում կատարվում է նշում։
Նախագծի մասին առավել մանրամասն՝ հիշյալ հղումով։