Ազատավան համայնքի փողոցներից մեկը կանվանակոչվի 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Մարգարյանի անվամբ
Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու առաջիկա՝ փետրվարի 9-ի  նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում է համայնքի փողոցներից մեկի անվանափոխմանը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է Արարատի մարզի Ազատավան գյուղի «Կ. Մարքսի» փողոցն անվանափոխել 2020 թվականի 44-օրյա Արցախյան պատերազմում զոհված պարտադիր ժամկետային զինվորական ծառայող Դավիթ Մարգարյանի անվամբ՝ «Դավիթ Մարգարյան» փողոց։ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է. «Ներհամայնքային օբյեկտը օտար անվանումից ազատելը և զոհված զինծառայողի անունով անվանափոխելը երիտասարդ սերնդի շրջանում հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, զինվորական պարտքն անմնացորդ նվիրումով կատարելու գիտակցության ձևավորման, բարոյահոգեբանական և ռազմահայրենասիրական ոգու բարձրացման միտում ունի»: 

Նշենք, որ, ըստ կարգի, նախապես տեղի են ունեցել հանրային լսումներ։ Ազատավան վարչական համայնքի՝ լսումներին մասնակցած բնակիչները հավանություն են տվել ներկայացված հարցին և միաձայն կողմ քվեարկել նախագծի ընդունմանը։  

Դավիթ Մարգարյանը, նշենք, հիշյալ համայնքի բնակիչ էր, զոհվել է 44-օրյա պատերազմի առաջին օրը։ Կիսատ թողնելով «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»-ում կրթությունը՝ 2020 թվականի հուլիսին զորակոչվել է հայկական բանակ՝ ծառայության անցնելով Արցախում: