Բուսաբանական այգում կմեկնարկի «Կյանքի պուրակի» շինարարությունը. Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում շատրվանային համալիր կկառուցվի. Տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն
Այս օրերին տեղացած ձյան ընթացքում ու տեղումները դադարելուց հետո ձնամաքրող տեխնիկան աղով ու ավազով մշակել է մայրաքաղաքի փողոցները։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գործընթացն իրականացվել է նաև գիշերային ժամերին, ի մի է բերվել ողջ հատուկ տեխնիկան, աշխատանքներում ներգրավվել են պատասխանատու բոլոր կառույցները, այդ թվում` համայնքին աջակցել է պարեկային ծառայությունը: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է հսկողություն սահմանել, որպեսզի համատիրություններն էլ բակային տարածքներում մաքրեն ձյունը: 

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով հանգստի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ կապահովվեն Աբովյան պուրակում: Նախագծով ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կանաչապատման նոր լուծումներ կլինեն: 

Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ Հրազդան գետի վրա ըստ անհրաժեշտության կավելացվեն աղբաորսիչ ճաղավանդակներ:

Այս տարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում շատրվանային համալիր կկառուցվի: Ներկայում տարածքն անբարեկարգ է: 

Երևանի մի շարք փողոցներ ևս այսուհետ առավել անվտանգ կլինեն հետիոտնի համար: Ընթացիկ տարում մայրաքաղաքում կշարունակվի հետիոտնային կանչով աշխատող լուսացույցներ տեղադրելու գործընթացը: Բացի այդ, Դավթաշեն, Նուբարաշեն, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում այս տարի կտեղադրվեն նոր լուսացույցներ: Ծրագիրը մրցութային փուլում է: 

2022թ. Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով սկսեցին արդիականացվել երևանյան կանգառասրահները: Խնդրին համալիր լուծում տալու համար աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով: Գործընթացը մեկնարկեց Աջափնյակից: Երևանի քաղաքապետը դժգոհություն է հայտնել նոր կանգառասրահներում տեղադրված նստարանների որակի առնչությամբ և հանձնարարել մրցույթում հաղթած ընկերությանը հորդորել, որ ապահովեն հետերաշխիքային սպասարկում: 

Երևանի բուսաբանական այգում այս տարի կմեկնարկի «Կյանքի պուրակի» շինարարությունը: Հուշապուրակը նվիրված է արցախյան պատերազմների զոհերի հիշատակին: Այս պահին նախապատրաստվում է մրցութային հայտ: