Թուրքիա-Սիրիա սահմանին տեղի ունեցած երկրաշարժից 6 հայ է մահացել. Մալաթիա քաղաքում երկրաշարժից զոհվել է 2 հայ՝ ամուսիններ են եղել, իսկ Հալեպում 4 հայ է զոհվել․ Սփյուռքի գրասենյակ
Նախնական տվյալներով՝ Թուրքիայի Մալաթիա քաղաքում երկրաշարժից զոհվել է 2 հայ՝ ամուսիններ են եղել, իսկ Սիրիայի Հալեպ քաղաքում ազգությամբ հայերի մեջ հաստատված զոհերի թիվը 4-ն է։ Հալեպում կան նաև հայազգի վիրավորներ։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։  

«Ունենք նաև մասնակի ավերածություններ հայկական հաստատությունների, կառույցների՝ դրանք պատերի փլուզումներ են, ճաքեր են, փլված առաստաղներ են։ Հիմա հետցնցումային վիճակ է, և մոնիտորինգ է արվում այդ շենքերի հետագա գործածությունը հասկանալու համար»,- հավելեց նա ու ընդգծեց, որ հետցնցումների պատճառով մարդիկ դրսում են, եղանակն էլ բարենպաստ չէ, իսկ վնասված շինություններ հետ գնալը խնդրահարույց է։

Նշենք, որ ՀՀ վարչապետն այսօր ցավակցություն հայտնելով Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին՝ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: 

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակից հետաքրքրվեցինք՝ արդյոք քննարկվու՞մ է օգնության փաթեթ տրամադրելու հարցը, ինչին ի պատասխան Հովհաննես Ալեքսանյանն արձագանքեց. «Հայ համայնքին օգնելու համար պետք է մեր դիվանագիտական ներկայացուցչությունները կարիքները վեր հանեն, մենք ստանանք, թե որ ոլորտում է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»։

Հովհաննես Ալեքսանյանը մեզ տեղեկացրեց նաև, որ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքը չի վնասվել, և աշխատանքները շարունակվում են շենքային պայմաններում, մինչդեռ քաղաքում մոտ 40 բարձրահարկ շինություն է վնասվել: «Հալեպի շրջանը հայաշատ է, հայերի տներն են վնասվել. այստեղ կորուստն ավելի շատ է, քան Թուրքիայում»,- եզրափակեց նա։ 

Հիշեցնենք, որ այսօր՝ 04։00-ի սահմաններում, Թուրքիայում և Սիրիայում գրանցվել է 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս պահի դրությամբ Թուրքիայում զոհերի թիվն անցնում է 900-ից, իսկ Սիրիայում մոտ 400 զոհ կա։ 

Նարա Մարտիրոսյան