Սեյրան Օհանյանը չի օգտվել վաղեմության ժամկետի հիմքով իր նկատմամբ հանրային քրեական վարույթը դադարեցնելու իրավունքից։
Արդյոք ցանկացած պահի Սեյրան Օհանյանը կարո՞ղ է օգտվել այդ իրավունքից, և ի՞նչ կարգավիճակ ունեն գործով անցնող մյուս անձինք։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ այս պահին այդ անձինք ունեն վկայի կարգավիճակ։ «Այդ անձանց մասով քննությունը շարունակվելու է, և այն ունի իր տրամաբանությունն ու տակտիկան։ Եթե ես այսօր եկել եմ ԱԺ և միջնորդում եմ թույլ տալ հանրային քրեական հետապնդում իրականացնել այն անձի նկատմամբ, ով այս շղթայի մաս է, և քննության տակտիկայից ելնելով այս անձին այդ կարգավիճակով քննելն իմպերատիվ պահանջ է, պայմանավորված է Քրեական դատավարության օրենսգրքի խիստ կարգավորումներով։ Այսինքն՝ Սեյրան Օհանյանին հարցաքննել վկայի կարգավիճակով, բայց մտքում ունենալ պոտենցիալ այլ կարգավիճակ, Քրեական դատավարության օրենսգիրքը և միջազգային որևէ փաստաթուղթ թույլ չեն տալիս»,- ասաց Աննա Վարդապետյանը։
Դատախազը նշեց նաև, որ անձի դատավարական իրավունքն է ցանկացած պահի նշելու, որ համաձայն է վաղեմության հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը։
Վարդապետյանը նշեց նաև, որ հանրային քրեական հետապնդում հարուցելու պահից հաշված նոր Քրեական դատավարության օրենսգիրքը, ըստ հանցագործության ծանրության աստիճանի, ունի հստակ ժամկետներ։ Այսինքն՝ քննությունը պետք է ավարտել հնարավոր սեղմ ժամկետներում։