Մարդասիրական այս քայլը կարևոր է ոչ միայն թուրք հասարակության, այլև միջազգային հանրության վերաբերմունքի առումով. Արշակյան
Որոշ քաղաքական ուժեր փորձ են անում ազդել հասարակության հույզերի վրա` օգտագործելով Թուրքիայում փլատակների տակ մնացած մարդկանց տրամադրած մեր օգնության հանգամանքը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ շարունակելով.

«Մի կողմ թողնելով հարցի մարդասիրական կողմը, որն ինքնին հիմնավորում է կառավարության որոշումը, կարևոր եմ համարում նաև նշել, որ աշխարհում բազմաթիվ հակամարտությունների, կոնֆլիկտների և պատերազմերի դեպքում կողմերը փորձում են գտնել երկխոսության եզրեր, կառավարել կոնֆլիկտները։

Թուրքիան մեր հարևան երկիրն է, եթե մեր ունեցած խնդիրները չկառավարենք` կառավարելու են այլոք` ելնելով իրե՜նց շահերից։ Այդ խնդիրների կառավարման համար անհրաժեշտ է նաև երկու երկրների ժողովուրդների փոխադարձ վերաբերմունքի փոփոխություն։

Մարդասիրական այս քայլը շատ կարևոր է ոչ միայն թուրքական հասարակության, այլ նաև միջազգային հանրության վերաբերմունքի առումով, սա առաջնորդություն է դեպի արժանապատիվ խոսակցություն երկու երկրների միջև, որտեղ Հայաստանը հանդես է գալիս իր պետական շահերի դիրքից»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: