Դատավորներ Արա Կուբանյանի, Գևորգ Նարինյանի, Բորիս Բախշիյանի, Ալբերտ Պետրոսյանի, Դավիթ Գրիգորյանի ու Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարել են ԲԴԽ որոշմամբ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ լիազորությունները կասեցված 6 դատավորներ այսօրվանից դադարել են պաշտոնավարել:
Նրանք են՝ Արա Կուբանյանը, Գևորգ Նարինյանը, Բորիս Բախշիյանը, Ալբերտ Պետրոսյանը, Դավիթ Գրիգորյանն ու Արուսյակ Ալեքսանյանը:
Վերը նշված օրենսդրական փոփոխության համաձայն՝ այսուհետ 1 ամսից ավելի լիազորությունները կասեցված դատավորների փոխարեն հնարավոր կլինի կատարել նոր նշանակումներ, ինչը կնպաստի դատարանների գերծանրաբեռնվածության թոթափմանը:
Հավելենք, որ մինչ կատարված փոփոխությունները՝ լիազորությունները կասեցված դատավորների հաստիքները չէին համարվում թափուր և նրանց փոխարինելու մեխանիզմներ չկային, ինչը դատարանների գերծանրաբեռնվածության պայմաններում հանգեցնում էր մինչև անգամ ճգնաժամային իրավիճակների:
Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղվան Պետրոսյանի լիազորությունները շուրջ 6 տարի է՝ կասեցվել են, և ձգձգվող դատական պրոցեսների ընթացքում նրա փոխարեն այլ դատավոր նշանակելու պայմանների հնարավորության բացակայությունը հանգեցրել է մի շարք խնդիրների, այդ թվում՝ տվյալ դատարանի բնականոն աշխատանքի ապահովման դժվարությունների:
Կյանքի կոչված օրենսդրական լուծումները հնարավորություն կտան խուսափելու համանման իրավիճակներից:
Հավելենք, որ վերը նշված օրենսդրական փոփոխությունները քննարկվել և մշակվել են դեռևս 2022 թվականի դեկտեմբերին՝ Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արտագնա աշխատաժողովների ընթացքում՝ ՀՀ-ում գործող ավելի քան 250 դատավորների, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ: