Այսօր՝ փետրվարի 10-ին, Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվեց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը։ Վերջինիս նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։
Ըստ մեղադրանքի՝ 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը և հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ կատարել է Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ, օգտագործել է իր պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունը, և միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Արամի Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը։
Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նախորդ դատական նիստում Վարդազարյանի պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարանին դադարեցնել իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը։ Որպես հիմնավորում պաշտպանները ներկայացնում էին այն հանգամանքը, որ նախկին Քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածը չկա նոր Քրեական օրենսգրքում, հետևաբար իրենք չեն կարող իրենց պաշտպանյալին պաշտպանել մեղադրանքից, քանի որ չգիտեն, թե ինչից պետք է պաշտպանեն։
Այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազը առարկեց պաշտպանների միջնորդությանը՝ նշելով, որ արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են հանցանքը կատարելու ժամանակ գործող Քրեական օրենսգրքով։ Հետևաբար Ռուբեն Վարդազարյանին մեղսագրված գործողությունը կատարվել է 2020 թվականի հոկտեմբերին, ուստի կիրառելի են 2003 թվականի Քրեական օրենսգրքի նորմերը։
Ռուբեն Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ տվյալ առարկությունը չի կարող հիմք հանդիսանալ իրենց միջնորդությունը մերժելու համար, որովհետև ըստ դատավարական նորմերի՝ գործը դատարանում քննվում է բացառապես մեղադրանքի շրջանակներում։
«Ո՛չ մեղադրանքում, ո՛չ մեղադրական եզրակացությունում 486-րդ հոդվածի 2-րդ մաս չկա։ Նաև չկա դատավարական գործիք, որով մեղադրող դատախազը ասի՝ իմ կարծիքով, 332-ը համապատասխանում է 486-ին։ 309,1 հոդվածը որևէ իրավունք չի տալիս դատախազին փոխելու մեղադրանքը՝ բացառությամբ, եթե ապացույցների հետազոտման հիման վրա է նման անհրաժեշտություն առաջանում»,- ասաց Արամ Օրբելյանը։
Ի վերջո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանների միջնորդությունը քննարկելու և որոշում կայացնելու համար։ Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Պաշտպան Արամ Օրբելյանը Сivic.am-ին տեղեկացրեց, որ հիմնավորումներին դեռ ծանոթ չեն, թղթային տարբերակը չեն ստացել։
Դատական հաջորդ նիստը նշանակվեց սույն թվականի փետրվարի 15-ին, ժամը 10-ին։