Ինձ հրավիրել են ԱԱԾ և ընտրել են ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, բայց ես չեմ ընդունում մեղադրանքները, որովհետև որևիցե մեղք չունեմ. Սեյրան Օհանյան
Փետրվարի 10-ին ինձ հրավիրել են ԱԱԾ ու երեք միջնորդությունների վերաբերյալ մեղադրանք առաջադրել և առաջադրելուց հետո ընտրել են ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նշենք, որ հունվարին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն էր ներկայացրել ԱԺ, որը քննարկվեց փետրվարի 7-ին, և փակ գաղտնի քվեարկությամբ Սեյրան Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Քվեարկությանը չեն մասնակցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ 

Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ մեղադրանքները չի ընդունում, որովհետև ըստ նրա՝ բանակում բոլոր գործընթացներն իրականացվել են ՀՀ օրենքների, պետության և բանակի շահերի և նաև բոլոր գործողությունների՝ օտարումների, գնումների ընթացակարգերի համաձայն. «Նաև մեկ մարդու որոշում չի եղել, և հաջորդը՝ որևիցե շահադիտական նպատակ՝ հանցավոր համաձայնություն որևիցե շրջանակների հետ, չի եղել»։ 

Նրա խոսքով՝ իր ունեցած նյութերի համաձայն՝ իր դեմ որևէ ցուցմունք չկա: «Կարծում եմ՝ սա իրականացվում է քաղաքական նպատակներով, որովհետև պահպանված և վաղուց ձևավորված նյութեր են, և եթե ես դրանք ստորագրեի, վաղեմության ժամկետով գործը կկարճվեր, և այդ միջնորդությունները չէին լինի։ Բայց ես չեմ ընդունում մեղադրանքները, որովհետև որևիցե մեղք չունեմ։ Պատրաստ եմ պատասխան տալ այն մարմինների առջև, որոնք պատասխանատու են օրենքի համար, այսինքն՝ դատաիրավական համակարգի առջև»,- հավելեց Սեյրան Օհանյանն ու հավելեց. «Սա իրականացնում են, որպեսզի հանրության ուշադրությունը շեղեն կարևոր գործերից, որոնք են երկրի անվտանգությունը, պաշտպանությունը, Արցախը և այն արտակարգ պատահարները, որոնք տեղի ունեցան բանակում»։ 

Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ նախքան այս երեք միջնորդություններն արդեն իսկ իր դեմ կար հարուցված քրեական գործ, և կրկին ընտրված էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց: «Նախորդ մեղադրանքը վերաբերում է կառավարության որոշմամբ իրականացված խոշոր գործարք անվան տակ «Ձորահէկ» ՓԲԸ-ի օտարմանը, որը հիմնականում իրականացվել է էներգետիկայի նախարարության՝ որպես մասնագիտական կառույց, ամբողջությամբ նրանց կողմից իրականացված ընթացակարգերով։ «Ձորահէկ» ՓԲԸ-ով 2019թ. հարուցված քրեական գործը, որը իմ դեմ չի եղել, ինձ հետո են ընդգրկել որպես մեղադրյալ, ուղարկվել է դատարան, և դատարանից հետ են ուղարկել նախաքննական մարմին։ Մի քանի տարի է՝ արդեն որևիցե մեկն ինձ այդ հարցով չի կանչել»,- ասաց նա։ 

Դեռ երկու տարի առաջ դատախազությունը մանրամասներ էր հրապարակել պաշտպանության նախարարության բալանսում եղած՝  բարձր եկամտաբերությամբ «ՁորաՀԷԿ»-ի՝ 4 անգամ ցածր գնով օտարման մասով հարուցված քրեական գործից։ ՊՆ ենթակայության ՀԷԿ-ը 2010-ին կեղծիքներով էր սեփականաշնորհվել դրանից ընդամենը երկու ամիս առաջ ստեղծված «Ձորագետ Հիդրո» ընկերությանը, որը ՀԷԿ-ը ձեռք է բերել իրական արժեքից զգալի էժան՝ պետությանը պատճառելով մի քանի միլիոն դոլարի վնաս։ 

2016-ին՝ «Տաշիր գրուպին» անցնելուց առաջ, «Ձորագետ հիդրո»-ի սեփականատերերը Վիրջինյան օֆշորներում գրանցված երկու ընկերություններ էին, ինչպես նաև Արմեն Պետրոսյանն ու Լեոնիդ Արևշատյանը։ Մամուլում հրապարակումներ եղան, որ թե այս երկու անձինք և թե չբացահայտված ընկերություններն առնչվում են Վատիկանում ՀՀ  նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։ Ավելի ուշ իրավապահները քրեական գործ հարուցեցին նաև «Ձորագետ հիդրո»-ի նախկին համասեփականատեր Լեոնիդ Արևշատյանի նկատմամբ՝ համարելով Միքայել Մինասյանի մտերիմն ու նրան պատկանող կազմակերպությունների ղեկավարը։ Ի դեպ, Սեյրան Օհանյանը ՀՔԾ-ում քննվող սույն քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ էր ներգրավվել առանձնապես խոշոր չափերի՝ 1 միլիարդ 46 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններից մեկը կապված է Երասխի զորամասի՝ հատուկ նշանակության հողերի հափշտակության դեպքի հետ։ Ըստ նրա՝ նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Սեյրան Օհանյանը 2008-16 թթ., զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Նա վերոհիշյալ հատուկ նշանակության հողամասերը դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք: Ըստ Աննա Վարդապետյանի՝ այդ հողամասերից մեկն օտարվել է  ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն՝ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին։ Վերջինս ևս հարցաքննվել է։ 

Սեյրան Օհանյանի դեմ գլխավոր դատախազի ներկայացրած մեկ այլ միջնորդագրի համաձայն էլ՝ Սեյրան Օհանյանի գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է 5,1 մլրդ դրամի վնաս։ Ըստ գլխավոր դատախազի՝ գործի քննությամբ պարզվել է, որ պաշտպանության նախկին նախարար Օհանյանի աջակցությամբ և մասնակցությամբ նախարարությանը պատկանող շինություններ են օտարվել՝ ցածր գներով ու ապօրինի եղանակով։ Խոսքը Երևանում՝ Էրեբունիում ու Շենգավիթում գտնվող շինությունների մասին է, որոնք հանցավոր սխեմայով սեփանակացվել են գործարար Վահե Յակուբյանի կողմից։

Գլխավոր դատախազի ներկայացրած մյուս միջնորդությունն էլ վերաբերում է անպիտան հրթիռների գործին, որով կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Այս գործի շրջանակներում չի հստակեցվում, թե ինչ արարքներ են մեղսագրվում Սեյրան Օհանյանին։ Միջնորդությունը քննարկվել էր փակ դռների հետևում՝ հիմնավորմամբ, որ այն ռազմական գաղտնիք է պարունակում։