Հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացվելու դեպքում կքննարկվի վարույթ նախաձեռնելու բավարար հիմքեր լինելու հարցը․ ՔԿ-ի պատասխանը՝ Ռուբիկ Հակոբյանի «մարտակոչի» մասին մեր հարցմանը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՀՀ ԱԺ-ում այս տարվա փետրվարի 3-ին հրավիրված լսումների ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը ԱԺ ամբիոնից հրապարակավ հայտարարել էր. «Հարգելի ընդդիմություն, իմ լավ ընկերներ, չեք գտնո՞ւմ, որ ձեր քաղաքականության արդյունքում է նա դեռ նստած աթոռին։ Հենց այդ քաղաքականության արդյունքն է, որովհետև նա այսօր իրավունք չունի պետություն ներկայացնելու։
Համաշխարհային պատմությունը փորձ ունի՝ այսպիսի դաժան պարտության տարած քաղաքական գործիչը իրավունք չունի շարունակելու ներկայացնել պետությունը։ Կան, դեպքեր կան. ա՛յ Հիտլերը, որի քաղաքականության շարունակությունն է այսօրվա իշխանության կեցվածքը, էդքան տղամարդկություն ունեցավ իր տիկնոջ հետ ինքնասպանություն գործելու համար, Գեբելսը շատ ավելի դաժան գտնվեց, որովհետև իր 6 երեխաների և կնոջ հետ ինքնասպանություն գործեց, իսկ իտալացի ֆաշիստին գարիբալդիականները գնդակահարեցին։ Իհարկե, այդքան տղամարդկություն չունի, որ հասկանա իր ողբերգության չափը, բայց այդուհանդերձ։ Քանի ինքը կա իշխանության, մենք ամենօրյա ռեժիմով պարտվելու ենք, և գլխատվելու է մեր ազգային արժանապատվությունը։ Պետք է ձևավորվի մահապարտների թիմ, որը շատ վստահություն ներշնչի ժողովրդին և կարողանա այս իշխանությանը հեռացնել և մաքրել այդ ավգյան ախոռները, որ վիրուսակիր է դարձել և կործանում է այսօրվա Հայաստանը»։
ՀՅԴ նախկին անդամ, նախկին պատգամավորի ելույթի այս հատվածը հանրության շրջանում մեծ հակազդեցություն հարուցեց, մասնավորապես ոմանք այդ հայտարարությունը գնահատեցին «Հոկտեմբերի 27-ի» կրկնությանը միտված «մարտակոչ»։
Civic.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու՝ Ռուբիկ Հակոբյանի այս հայտարարությունը պարունակո՞ւմ է առերևույթ հանցագործության տարրեր՝ (արդյոք իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կո՞չ է), ՔԿ-ում նյութեր նախապատրաստվո՞ւմ են նախկին պատգամավորի այս հայտարարության վերաբերյալ։ ՔԿ-ից մեզ ուղղված պատասխանում ասվում է, որ Ռ. Հակոբյանի կողմից արված վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ «ՀՀ Քննչական կոմիտեում քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություն կամ չնախաձեռնելու վերաբերյալ գրություն առկա չէ»։ «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացվելու դեպքում կքննարկվի հանցակազմի հատկանիշների առկայության, ըստ այդմ՝ վարույթ նախաձեռնելու բավարար հիմքեր լինելու հարցը»,- ասված է մեզ ուղղված պատասխանում։
Հեղինե Մանուկյան