ՊՆ փոխգնդապետի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով արդարացված Զավեն Գրիգորյանի դեմ ցուցմունք տված զինվորականների նկատմամբ սուտ մատնության հատկանիշներով քրեական հետապնդում կիրականացվի․ փաստաբան
Փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով Զավեն Գրիգորյանի դեմ ցուցմունք տված զինվորականների նկատմամբ սուտ մատնության (զուգորդված առանձնապես ծանր հանցագործության մեջ անձին մեղադրելով) հատկանիշներով  քրեական հետապնդում կիրականացվի»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Զավեն Գրիգորյանի պաշտպան Լևոն Սահակյանը։ 

Հիշեցնենք, որ Զավեն Գրիգորյանը ՊՆ սպա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղավոր ճանաչված և 5 տարվա ազատազրկման դատապարտված Վայոց ձորի մարզպետի նախկին օգնական Հարություն Գրիգորյանի եղբայրն է։ Այս գործով Զավեն Գրիգորյանը հինգ ամսով կալանավորվել էր, այնուհետև նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ հանցակազմի բացակայության  հիմքով։

«Հիշում ենք, որ սույն գործով զինվորականները ցուցմունք էին տալիս Հարություն Գրիգորյանի և Զավեն Գրիգորյանի դեմ, նշում էին, որ նրանք գործով չբացահայտված այլ անձանց հետ միասին Արա Մխիթարյանի առողջությանը պատճառել են ծանր վնաս, ծեծի են ենթարկել նրան։ Այդ թվում՝ Լևոն Հարությունյանը ցուցմունք էր տալիս, որ իրեն էլ են ծեծի ենթարկել, Զավեն Գրիգորյանն է իրեն հարվածել և այլն։ Գործի հենց ամենասկզբից, երբ Զավեն Գրիգորյանին կանչեցին հարցաքննության, նա ցուցմունք տվեց, որ ինքը դեպքի վայրում դեպքի պահին  չի եղել,  և դա հեշտ է եղել ապացուցել այն իմաստով, որ պարզապես պետք է վերցնել տեսաձայնագրությունները, զննել դրանք ու համեմատել դեպքի ժամանակագրության հետ, բայց վարույթ իրականացնող մարմինը չհամբերեց, ձերբակալեց Զավեն Գրիգորյանին, այնուհետև կալանքի միջնորդություն ներկայացրեց դատարան»,- ասաց փաստաբանը։

Լևոն Սահակյանը նաև ասաց, որ այդ ամիսների ընթացքում և դրանից հետո մինչ օրս իրենք պնդում են, որ Զավեն Գրիգորյանը դարձել է  սուտ մատնության զոհ, և նա դեպքի վայրում պարզապես չի եղել։

Ու չնայած Զավեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, բայց այդ որոշմամբ նաև քննիչը եկավ եզրահանգման, որ հիմքեր չկան քրեական հետապնում իրականացնելու Լևոն Հարությունյանի, Մխիթար Մելքոնյանի և Մարիամ Հունանյանի նկատմամբ, ովքեր սույն գործով ցուցմունքներ էին տվել Զավեն Գրիգորյանի դեմ և նշել, որ տեսել են Զավեն Գրիգորյանին Արա Մխիթարյանին հարվածելիս։ 

Փաստաբանը նաև նշեց, որ այդ որոշումն այդ մասով իրենք բողոքարկել են, ինչը Առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, բավարարել է, ինչից հետո նշված որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան՝ դատախազի կողմից, վերաքննիչ դատարանը որոշումը թողել է անփոփոխ, այնուհետև գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշումը բողոքարկվել է վճռաբեկ դատարան, որը մերժել է դատախազի բողոքը վարույթ ընդունել։

«Մենք Վճռաբեկ դատարանից փետրվարի 10-ին ստացանք որոշում, որով դատարանը մերժել է դատախազի բողոքը վարույթ ընդունել, ուստի առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի՝ պետք է վերացվի Զավեն Գրիգորյանի իրավունքների խախտումն այն մասով, որ քրեական հետապնդում չի իրականացվում նշված անձանց նկատմամբ, մնացել է օրինական ուժի մեջ։ Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ նախաքննական մարմինը՝ ուզի, թե չուզի, արդեն պետք է քրեական հետապնդում իրականացնի նշված երեք անձանց նկատմամբ, ովքեր առերևույթ սուտ մատնություն են կատարել Զավեն Գրիգորյանի դեմ, և որի արդյունքում Զավեն Գրիգորյանը հինգ ամիս մնացել է անազատության մեջ»,- ասաց փաստաբանը։  

Ի հավելումն՝ Լևոն Սահակյանն ասաց, որ իրենք պնդում են, որ հիմքերն առավել քան առկա են Զավեն Գրիգորյանի դեմ ցուցմունք տված անձանց   կալանքի տակ պահելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան