Այսօր՝ փետրվարի 20-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի և նրա զավակների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։
Ըստ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանի՝ Սարգսյանների 6 միլիոն 800 հազար դոլարի ավանդը, 9 անշարժ գույքը, 2 մեքենան, ինչպես նաև մասնակցությունը 3 կազմակերպություններում անօրինական է:
Լյովա Սարգսյանի մասով դատախազությունը ապօրինի է համարում մեկ բնակարան, մեկ ավտոմեքենա, նաև առևտրային բանկում պահվող 3 միլիոն 500 հազար դոլարի ավանդ: Դատախազությունը ապօրինի է համարում նաև Լյովա Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին պատկանող 8 անշարժ գույքն ու 2.5 միլիոն դոլարի ավանդը։ Լյովա Սարգսյանի դստեր՝ Անի Սարգսյանի դեպքում դատախազությունը ապօրինի է որակել 760 հազար դոլարի ավանդը։
Իրավապահները պնդում են, որ Սարգսյանը օրինական եկամուտներով չէր կարող ձեռք բերել այսքանը։ Սարգսյանների պաշտպանները, սակայն, ամբողջությամբ առարկում են հայցի դեմ։
Ի դեպ, Լյովա Սարգսյանը նաև քրեական գործով է անցնում և գտնվում է հետախուզման մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Այսօրվա դատական նիստին Սարգսյանը և նրա զավակները չէին ներկայացել։
Սարգսյանների ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը դատավորին բացարկի միջնորդություն ներկայացրեց այն պատճառաբանությամբ, որ ինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ՝ պայմանավորված նրանով, որ հայցվորի և դատավորի գործողություններում նկատել է լիազորություններն անցնելու հատկանիշներ։
Մակինյանը՝ մանրամասնելով իր դիրքորոշումը, ասաց․ «Մենք գտնում ենք, որ հայցվոր կողմը չէր կարող փոփոխել հայցի առարկան։ Մենք գտնում էինք, որ դատարանը պետք է թույլ չտար հայցվոր կողմին պահանջել գույք, որն անգամ հայցվոր կողմի հավաստմամբ օրինական է։ Երբ դատարանը թույլ տվեց նման հնարավորություն հայցվոր կողմին՝ պայմաններ ստեղծելով, որպեսզի պահանջները մեծացվեն, դա ծանր հետևանքներ է առաջացրել իմ վստահորդների համար, և երբ ես հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցի ԱԱԾ, ակնհայտ է, որ նախագահող դատավորը որպես մարդ, ֆիզիական անձ, այդ պահից սկսած իմ նկատմամբ կանխակալ, ընդգծված բացասական վերաբերմունք է ունենալու և այս պայմաններում գտնում եմ, որ այն դատավորը, որն ունի ակնհայտ բացասական վերաբերմունք, այս գործով չի կարող հանդիսանալ որպես անաչառ դատավոր»։
Հայցվոր կողմը միջնորդությունը անհիմն համարեց նշելով՝ չնայած պատասխանող կողմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, սակայն հաղորդումը իրենից չի ենթադրում դատավճիռ և չի կարող հիմք հանդիսանալ նախագահող դատավորի բացարկ հայտնելու համար, քանի որ հայցի առարկայի փոփոխությունը չի կարող պարունակել իշխանական լիազորություններն անցնելու հանցակազմի տարրեր, այդ թվում՝ ընթացակարգային խախտումներ, քանի որ դա նախատեսված է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, որպես հայցվորի լիազորություն և հայցվորը օգտվել է իր տնօրինչականության սկզբունքից։ Հետևաբար, ըստ Տիգրան Ենոքյանի՝ պատասխանող կողմի միջնորդությունը պետք է մերժվի։
Այսպիսով, դատարանն ընդմիջեց դատական նիստը՝ հեռանալով խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։
Ժամեր անց՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից դատարանը որոշեց մերժել պատասխանող կողմի՝ դատավորին բացարկ հայտնելու միջնորդությունը։
Այնուհետև ,պատասխանող կողմը հանդես եկավ նոր միջնորդությամբ։ Այս անգամ միջնորդությունը վերաբերում էր գործի քննությունը կասեցնելուն։ Սարգսյանների ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը հղում կատարեց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների կողմից «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համապատասխան դրույթը հակասահմանադրական ճանաչելու մասին դիմումին։
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա հունվարին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 26 պատգամավորներ դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով:
Նշենք նաև, որ նույն խմբակցություններից 6 պատգամավորի պատկանող գույքի ծագման օրինականությունն ուսումնասիրվում է ՀՀ դատախազության՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում։
Հայցվոր կողմը խնդրեց դատարանին ողջամիտ ժամանակ տրամադրել միջնորդությունն ուսումնասիրելու և դիրքորոշում հայտնելու համար։
Ի վերջո, դատական նիստը հայտարարվեց փակված։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 13-ին ժամը 16-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Վովա Հակոբյան