Զորամասեր վաճառվել են ոչ միայն Ս. Օհանյանի, այլև նրա նախորդի օրոք. Ստեփանավանում տեղակայված 180 միլիոն դրամ շուկայական արժեքով զորամասի վաճառքի գործով նախաքննությունը շարունակվում է. ՔԿ
Մոտ երկու շաբաթ առաջ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԱԺ ներկայացրած միջնորդության քննարկման ժամանակ հայտնի դարձավ, որ  պաշտպանության նախարարի պաշտոնում  ավելի քան 8 տարի պաշտոնավարած Սեյրան Օհանյանի օրոք պաշտպանության նախարարության գործող երկու հատուկ նշանակության հողամասեր՝ զորանոցով, կից այլ շինություններով, վաճառվել են կադաստրային արժեքից մի քանի անգամ ցածր գնով, պետությանը պատճառվել է միլիոնների վնաս։  Վաճառված հողատարածքներն Արարատի մարզի Արմաշ համայնքում են, շինություններից մեկը փաստացի վաճառվել է զորամասերից մեկի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին 4 միլիոն դրամով, իսկ նա բանկում գրավադրել է 18 միլիոնով։ Երկրորդ հողատարածքը վաճառվել է պաշտպանության նախարարության պաշտոնյայի հետ փոխկապակցված անձի՝ Նորայր Կարապետյանին, մոտ 8 միլիոն դրամ արժողությամբ գույքը ընդամենը 2 միլիոնով։ 

Պարզվում է, սակայն, որ տեղի ունեցած երկու դեպքերը  այսքանով չեն սահմանափակվում։  ՊՆ-ի բալանսում գտնված գույքի վաճառքի մեկ այլ դեպքի մասին հայտնի էր  դարձել դեռևս 2021-ին։  Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տեղեկություններ էին  ստացվել, որ ՊՆ իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ՊՆ հաշվեկշռում գտնվող, շուրջ 180 միլիոն դրամ շուկայական արժեքով, Ստեփանավանի Սուրբ Նշան փողոցում տեղակայված, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիներին և իրավաբանական անձանց չփոխանցվող հողերի ցանկում ընդգրկված «հատուկ նշանակության»  6 հեկտարից ավելի մակերեսով նախկին զորամասի տարածքը 2008 թ. մարտին 58 միլիոն դրամով ուղիղ վաճառքով օտարել են մի քաղաքացու, ինչից հետո անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք վերը նշված հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա 2008 թ. ապրիլին հատկացրել են հողամասի սեփականության իրավունքի վկայականը և, խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգը, առանց համապատասխան հիմնավորումների հողամասի «հատուկ նշանակության» նպատակային նշանակությունը փոխել են «բնակավայրերի», ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 122 միլիոն դրամի վնաս։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե։

Civic.am-ը այս մասին հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ մասնավորապես պարզելու՝ ինչ փուլում է գտնվում  քրեական գործը, կա՞ն արդյոք սույն գործով մեղադրյալներ։ ՔԿ-ից մեզ ուղարկված պատասխանում մասնավորապես ասվում է. «Դեպքի առթիվ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետական ծառայության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական վարույթ, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժին: Քրեական վարույթով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, այդ թվում՝ նշանակվել է դատաապրանքագիտական և շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։ Քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռևս չկան: Նախաքննությունը շարունակվում է»: 

Հատկանշական է ոստիկանության  հաղորդագրության մեջ նշված հանցագործության կատարման թվագրումը՝  2008 թ. մարտ։ Սեյրան Օհանյանը  ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել 2008 թվականի ապրիլի 14-ին։ Իսկ մինչ այդ եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ։ ՀՀ  պաշտպանության նախարարը սույն հանցագործության կատարման ժամանակ եղել է  Միքայել Հարությունյանը, որն այնուհետ՝  2008 թ. ապրիլի 16-ին, ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ նախագահի Գլխավոր ռազմական տեսուչ,  ՀՀ նախագահի խորհրդական։ 

2016 թ. փետրվարի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հարությունյանը, որն ի դեպ, հեղափոխությունից հետո լքել է  ՀՀ-ն և այժմ, ըստ տեղեկությունների, ՌԴ-ում է,  նշանակվել է ՀՀ  նախագահի խորհրդական՝ նրան վերապահելով ՀՀ  նախագահի գլխավոր ռազմական տեսչի լիազորությունները։ 

Այսինքն՝ զորամասը վաճառվել է Հարությունյանի նախարար եղած շրջանում, հողամասի սեփականության իրավունքի վկայականը հատկացվել է այն ժամանակ, երբ  վերջինս պատասխանատու  պաշտոն էր ստացել  Սերժ Սարգսյանի  աշխատակազմում։  

Հեղինե Մանուկյան