Փետրվարի 19-ին կսկսվի Պողոս Պողոսյանի սպանության գործով քննությունը. ամեն ինչ կախված է դատախազությունից
Ուրբաթ օրը՝ փետրվարի 19-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է Պողոս Պողոսյանի սպանության գործով վերաբացված գործով առաջին դատական նիստը, հայտնում է 1in.am-ը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց գլխավոր դատախազության բողոքը և բեկանեց 19 տարի առաջ Երևանի կենտրոնում Պողոս Պողոսյանի սպանության գործն ու այն ուղարկեց նոր քննության։ Դատարանի այդ որոշումից հետո Պողոս Պողոսյանին սպանելու համար մեղավոր ճանաչված ու պայմանական ազատազրկման դատապարտված Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից Կուկու մականունով հայտնի Աղամալ Հարությունյանը ստորագրություն էր տվել չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ Պողոս Պողոսյանի սպանության գործի վերաբացման համար նոր երևան եկած հանգամանք էր դիտվել Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի ցուցմունքը։ Վերջինս հեղափոխությունից հետո վերադարձել էր Հայաստան և դիմել էր Գլխավոր դատախազություն ու մանրամասներ ներկայացրել սպանությունից։ Սպանության օրը Սթիվեն Նյուտոնը եղել էր «Առագաստ» սրճարանում և ականատես եղել տեղի ունեցածին։ Գլխավոր դատախազությունը, ուսումնասիրելով Նյուտոնի հայտարարությունը և կատարելով մի շարք այլ ուսումնասիրություններ, եզրահանգել էր, որ Պողոս Պողոսյանին կյանքից զրկել են ոչ թե անզգույշ ծեծի հետևանքով, այլ տեղի է ունեցել ավելի ծանր հանցագործություն՝ սպանություն, այն էլ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ։ Այդ հանցագործության համար, սակայն, Քոչարյանի թիկնազորի պետը դատապարտվել էր 2 տարի պայմանական ազատազրկման։

Պողոս Պողոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շատ կարևոր խնդիր կա, որը մեծապես կախված է դատախազությունից։ Բանն այն է, որ եթե գործի քննությունը շարունակվելու է նախկին Քրեական օրենսգրքի 103 հոդվածով, ապա շատ հավանական է, որ պաշտպանության կողմը դիմի և վաղեմություն կիրառելու հարց բարձրացնի։ Այսինքն՝ միջնորդի, որ վաղեմության հիմքով գործի քննությունը կարճվի։ «Քանի որ այնտեղ այսօրվա Քրեական օրենսգրքի 104 հոդվածի՝ սպանության հոդվածի մի շարք հանգամանքներ կան, պետք է որ դատախազությունը մեղադրական եզրակացությունը հետ վերցնի, տանի, մեղադրական եզրակացությունը փոխի ու հետ բերի։ Ես ենթադրում եմ, որ ամսի 19-ին հենց այդ պրոցեսը պետք է լինի։ Ինքնին նման ձևով գործի վարույթը նորություն է, ՀՀ դատական պրակտիկայում նման բան չի եղել՝ մեղադրանքի ծավալը փոփոխելու առումով։ Ընդ որում, եթե սպանության հոդված դրվի, ապա այդ դեպքում վաղեմության հարցը պետք է լուծի դատարանը,- ասաց Բաղդասարյանը։

Մեր դիտարկմանը՝ այսինքն՝ եթե դատախազությունը մեղադրական եզրակացությունը չփոխի, հնարավո՞ր է, որ դատարանը վաղեմության ժամկետի հիմքով գործը կարճի, փաստաբանը պատասխանեց. «Այո՛, եթե պաշտպանության կողմը միջնորդի նման հիմքով, ապա շատ հնարավոր է, որովհետև օրենքն է ասում, իսկ տվյալ դեպքում օրենքը պաշտպանության կողմի կողմն է լինելու, որովհետև անցել է այդքան ժամանակ։ Կրկնում եմ, միակ տարբերակն այն է, որ դատախազությունը մեղադրանքը ներկայացնի 104 հոդվածով, ապա այդ դեպքում վաղեմության հարցը կլուծի դատարանը, ոչ թե օրենքը։ Այսինքն՝ դատարանը կկիրառի վաղեմություն, թե ոչ, դա արդեն այլ հարց է։ Այսինքն՝ եթե դատախազությունը մի քիչ հապաղեց, մեղադրանքի ծավալը չփոխեց և նոր մեղադրանք չառաջադրեց, ապա շատ հնարավոր է, որ դատարանը վաղեմության ժամկետի հիմքով փակի գործը։ Ես լինեի նրանց փաստաբանը, կասեի՝ ինչ արել եմ, չեմ արել՝ էդպես է, բայց վաղեմություն կիրառեք»։ Փաստաբանը կրկին հավելեց, որ ամեն ինչ այս գործով այս պահին կախված է դատախազության դիրքորոշումից։

Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ եթե դատախազությունը միջնորդությունը ներկայացնի, ու մեղադրանքի ծավալը փոփոխվի, իրատեսական համարո՞ւմ է, որ այս գործով օբյեկտիվ քննություն կգնա, և դատարանը արդեն իր հայեցողությամբ վաղեմություն չի կիրառի։ «Տեսականորեն, այո՛, իսկ պրակտիկորեն մի քիչ դժվար է լինելու։ Այստեղ մի սկզբունքային բան կա. այն մարդիկ, որոնք ժամանակին վախեցել են ցուցմունք տալուց, ձեր կոլեգաներից նաև ոմանք, ենթադրում եմ, որ այսօր ավելի ազատ կլինեն։ Բայց, քանի որ այդ ամենը կարող է գալ ու կապվել քաղաքական կոնյունկտուրայի հետ, ապա այդտեղ նորից չի բացառվում, որ մարդիկ կաշկանդված լինեն նորից ցուցմունք տալ։ Բայց որ այս գործն իր քաղաքական ենթատեքստն ունենալու է, դա պարզ է»,- ասաց Հարություն Բաղդասարյանը։