Սյունիքում հայհոյանքներով ակցիայի գործով միակ կալանավորվածին դատարանն ազատ է արձակել․ նրա պաշտպանը վիրավորել է կալանավորած դատավորին
Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Սևակ Համբարձումյանի, բեկանեց ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի ապրիլի 24-ին կայացրած որոշումը, որով Սյունիքում վարչապետի դեմ հայհոյանքներով ակցիայի մասնակից, Ագարակի բնակիչ Գևորգ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
 
Արդյունքում Սյունիքում վարչապետի այցը խոչընդոտած հայհոյանքներով ակցիայի մասնակիցն ազատ արձակվեց։ Գևորգ Խաչատրյանը միակն մասնակիցն էր, որը կալանավորվել էր դատարանի որոշմամբ։ Կալանքի մյուս միջնորդությունները դատարանները մերժել էին։
 
Սյունիքի մարզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյած անձանց պաշտպանությունը ստանձնած փաստաբաններից Լուսինե Սահակյանը իր պաշտպանյալին ժամանակին կալանավորած դատավոր Արմինե Մելիքսեթյանի ոչ միայն մասնագիտական անաչառությունն է կասկածի տակ դրել, այլ նաև նրա մարդկային որակներն է թերագնահատել՝ վիրավորելով դատավորին։
 
«Քիչ հետո Գևորգ Խաչատրյանը կլինի ազատության մեջ։ Մնում է հարցնել Մելիքսեթյանին, թե իրեն որպես մարդ, առավել ևս դատավոր ինչպե՞ս է զգում։ Գևորգ Խաչատրյանը զրկվեց ազատությունից, բայց պահեց իր պատիվը։ Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար։ Իսկ Մելիքսեթյանի համար իր տված երդումը, իր երեխաների ապագան ոչինչ է։ Մելիքսեթյաններն անցողիկ են։ Մեր երկիրը պետք է իր մեջքն ուղղի ու զարգացման ուղին բռնի»,-երեկ գրել է փաստաբանը Ֆեյսբուքի իր էջում։
 
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում, վարչապետի այցի ժամանակ, մի քանի սյունեցիներ ակնհայտ նախապես կազմակերպված սցենարով խոչընդոտում էին Փաշինյանի մուտքը Մեղրի, Ագարակ, Շուռնուխ բնակավայրեր՝ ձվեր շպրտելով ավտոմեքենաների վրա և հայհոյելով վարչապետին։ Սյունիքում տեղի ունեցածի հետ կապված հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է՝ 29 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի։   
 
 Տարակուսելի է, որ հենց օրենքի պաշտպանությամբ զբաղվող անձինք են փորձում արդարացնել քաղացիների անօրինական պահվածքը իշխանության նկատմամբ, այն դեպքում, երբ արդեն իսկ իշխանությունը տվել է հնարավորություն ընտրություն կատարելու։