Գլխավոր դատախազությունը մերժել էր «Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ գործով մեղադրվող Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանի բողոքը, որը բողոքել էր ՀՔԾ քննիչի կողմից դատավորների դեմ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ։
Այսօր առաջին ատյանի դատարանում Բենիկ Գալստյանը բողոքարկում էր դատավորների դեմ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը։
Նշենք, որ փաստաբանը նախքան իր պաշտպանյալ Արամ Սարգսյանին կալանավորելը՝ Ֆեյսբուքի իր էջում գրառել էր, թե «Տրիումֆ» սրճարանում Երևան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը հեռախոսազրույց է ունեցել դատավոր Վահագն Մելիքյանի հետ և հորդորել կալանավորել Արամ Սարգսյանին։
Civic.am -ի հետ զրույցում Բենիկ Գալստյանը նշեց, որ սրճարանում հեռախոսազրույցը լսած անձը ցուցմունք է տվել, իսկ դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն ու դատավոր Վահագն Մելիքյանը չեն բացառել, որ հնարավոր է հեռախոսազրույց ունեցած լինեն։ Սակայն փաստաբանի խոսքով՝ Արթուր Մկրտչյանը հերքել է, որ հրահանգել է դատավորին կալանքի միջնորդությունը բավարարել և նշել է, որ իրենց զրույցը կայացել է տեխնիկական հարցերի շուրջ․ «Իմ կարծիքով ներկայացված փաստերը բավարար էին քրեական գործ հարուցելու համար՝ կա անձի կոնկրետ ցուցմունք, քննչական մարմինը վերցրել էր տեսանյութեր «Տրիումֆ» սրճարանից և դատավորը չէր բացառել, որ այդ ժամանակահատվածում գտնվել է «Տրիումֆ»-ում և չէր բացառել, որ մյուս դատավորի հետ խոսել է։ Սակայն բացառել է, որ նմանաբնույթ խոսակցություն է ունեցել մյուս դատավորի հետ, այսինքն հրահանգ չի տվել կալանավորման։ Դրանից հետո կալանավորվել էր իմ պաշտպանյալը, այնուհետև Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումն ու ազատ է արձակել Արամ Սարգսյանին»։
Փաստաբանը մեզ տեղեկացրեց նաև, որ բողոքի քննությունը չի ավարտվել, և հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 15-ին։ Բենիկ Գալստյանը հավելեց, որ դատավորների դեմ քրգործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոքը մակագրվել է առաջին ատյանի դատավոր Վարդան Գրիգորյանին։
Հիշեցնենք, որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով մեղադրանք է առաջադրվել Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը և քաղաքացի Արամ Սարգսյանը։ ԱԱԾ-ն միջնորդել էր դատարանին կալանավորել նրանց, սակայն առաջին ատյանի դատարանը բավարարել էր միայն Արա Սաղաթելյանին և Արամ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունները։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Արա Սաղաթելյանին և Արամ Սարգսյանին ազատ արձակելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանը դեռ վարույթ չի ընդունել։
Ըստ ԱԱԾ-ի՝ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ, կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն և ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում և օգտագործելով իր ազդեցությունը, ունեցած կապերը, նպատակ ունենալով կատարելու մի քանի հանցանքներ` ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է գործընկերոջը՝ Կ.Բ-ին, վարորդին՝ Մ.Ա-ին, Ա.Ս-ին և իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց, որից հետո իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար, անհրաժեշտ կազմակերպվածությամբ, խմբի անդամների ջանքերի միավորվմամբ, պլանավորել են կատարել մի քանի հանցանքներ, իսկ իրենց գործողությունները քողարկելու, չբացահայտվելու և հանցանքի կատարումը դյուրին դարձնելու համար, խմբի անդամների ջանքերի համաձայնեցվածությամբ www.facebook.com սոցիալական ցանցում ստեղծել են «Gagik Soghomonyan» /facebook.com/profile.php?id=100026804322355/ կեղծ էջ, ապա նախապես մշակված ծրագրի համաձայն՝ ապահովել են հիշյալ համատեղ մշակված կեղծ էջի հասանելիությունը խմբի անդամների համար՝ պլանավորելով նույնիսկ խմբի որևէ անդամի հնարավոր բացահայտման դեպքում խմբի մյուս անդամների կողմից «Gagik Soghomonyan» /facebook.com/profile.php?id=100026804322355/ կեղծ էջով նույն ժամանակ պարբերաբար հրապարակումներ կատարելու և այդ կերպ խմբի մյուս անդամների այլուրեքությունն ապահովելու հանգամանքը:
Նարա Մարտիրոսյան