Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքը՝ ուժի մեջ թողնելով Մեղրի համայնքի ղեկավարի կալանավորումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը
Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժեց դատախազի բողոքը և ուժի մեջ թողեց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կալանավորումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզ այցի ժամանակ մի խումբ անձինք փորձել էին խոչընդոտել վարչապետի այցը, որը զուգորդվել էր հայհոյանքներով, իրավապահներին չենթարկվելով, քաշքշոցներով և վարչապետի ավտոշարասյան վրա հավկիթներ նետելով։ 

Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։

Ըստ քննչական կոմիտեի՝ Մեղրի համայնքի ղեկավարը, 2021թ. ապրիլի 21-ին տեղեկանալով ՀՀ Վարչապետի կողմից Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ համայնքներ այց կատարելու մասին, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցների, իրեն և իր մտերիմներին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցների և իր մերձավոր շրջապատի մի խումբ անձանց, Մեղրի և Ագարակ համայնքների մի շարք բնակիչների մասնակցությամբ կազմակերպել և ղեկավարել է նրանց կողմից կատարված խուլիգանական գործողությունները: