Սահմանադրական դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործով գլխավոր դատախազի դիմումի քննության մերժման որոշումը թեպետ դատախազությունը համարեց կամայական, այնուամենայնիվ այլ քայլեր չի կարող ձեռնարկել այդ ուղղությամբ։
Civic.am-ը կապ հաստատեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք բացի հրապարակային գնահատականից այլ քայլեր ևս իրականացնելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, եթե մենք կստանանք որոշակի տվյալներ հանցավոր դրսևորումների առկայության պայմաններում, այսինքն ակնհայտ ապօրինի որոշում կայացնելու վերաբերյալ այդ ժամանակ քրեադատավարական ընթացակարգեր կապահովվեն, և եթե լինեին արդեն կարվեին»,-պատասխանեց Գոռ Աբրահամյանն ու հավելեց, որ իրենք ելնելով ՍԴ որոշման առանձնահատկություններից ընդամենը կարծիք են հայտնել դրա վերաբերյալ։
Նշենք, որ Սահմանադրական դատարանը, երբ մարտի 26-ին Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ապրիլի 1-ին դիմեց ՍԴ՝ որոշելու Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ «Մարտի-1»-ի գործով կիրառման ենթակա՝ մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու լիազորությունը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։
Նշենք, որ ՍԴ-ի կողմից ՔՕ 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո ապրիլի 6-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ արդարացրեց ՀՀ երկրորդ նախագահին և մյուսներին։
Իսկ Սահմանադրական դատարանը մայիսի 14-ի աշխատակարգային որոշմամբ մերժեց ՀՀ գլխավոր դատախազի՝ մեղադրանքը փոփոխելու վերաբերյալ դիմումի հիման վրա գործի քննությունը։ ՍԴ-ի պատճառաբանությունը կայանում էր նրանում, որ գլխավոր դատախազն իրավասու չէ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ դատական քննության փուլում քննվող քրեական գործով կիրառման ենթակա նորմի սահմանադրությանը համապատասխանության հարցով։
ՀՀ գլխավոր դատախազությունը ՍԴ-ի որոշումը որակեց կամայական՝ ընդգծելով, որ գլխավոր դատախազը կարող է դիմել ՍԴ՝ դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով՝
մեջբերելով նաև ՀՀ Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի հոդվածները։
Հիշեցնենք նաև, որ դատախազությունը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը՝ ըստ որի հակասահմանադրական նորմի հիման վրա արդարացվել են Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը դեռևս նիստ չի գումարել։