3 մլն դոլար կաշառքի գործով Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի դատական նիստը կրկին հետաձգվեց․ Տեսանյութ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց կաշառքի գործով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դատական նիստը։

Այսօրվա նիստի ժամանակ դատավորը տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից ստացել է միջնորդություն, որով տեղեկացնում է, որ սույն թվականի մայիսի 24-ից մինչև հունիսի 9-ը  գտնվելու է արձակուրդում։ Վերջինս խնդրել է դատական նիստը նշանակել հունիսի 9-ից հետո։

Հայտնելով իր դիրքորոշումը այս հարցի առնչությամբ, մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ հարցով պետք է դիմի դատարանին։

«Նորմա՞լ է այն պրոցեսը, երբ որ մենք դատական նիստի օրվա մասին պայմանավորվում ենք ու գնում արձակուրդ։ Օրինակ, որ հաջորդ դատական նիստին պայմանավորվենք օրը, ժամը հետո ես և պարոն Պետրոսյանը գնանք արձակուրդ, դա նորմա՞լ է։ Սա ինչի համար եմ ասում, որովհետև հերթական անգամ, որ ասեմ բացակայության անհարգելիությունը գնահատեք, դատարանը, հավանաբար դա թողնելու է հաջորդ  դատական նիստին։ Բացակայությունը հարգելի չէ և հասնում է արդեն դատարանի նկատմամբ անհարգելի վերաբերմունքի մակարդակի․պայմանավորված բացակայություններ են դատական նիստից»,-ասաց Գևորգ Բաղդասարյանը։

Արձագանքելով՝ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ասաց, որ նախ չհասկացավ, թե ինչով էր պայմանավորված մեղադրողի այն հայտարարությունը, որ դատական նիստի օր ու ժամ են պայմանավորվում ու դատական նիստին չեն ներկայանում։

«Իմ մոտ տպավորություն է, որ շատ կարճ ժամանակ առաջ հանգամանք է մոռացել մեղադրանքի կողմը, երբ ՍԴ-ի որոշման հրապարակումից հետո դատարանի կողմից նշանակված օրվա և ժամի նիստին պարզապես չէին ներկայացել մեղադրողները»,- հիշեցրեց Արամ Վարդևանյանը։   

Այնուհետև նա նշեց, որ գտնվում են նախընտրական քարոզարշավի շրջանում և նշեց, որ ինքն էլ պետք է մեկնի արձակուրդ՝ պայմանավորված այն հավելյալ պարտականություններով, որոնք ստանձնել է այս նախընտրական շրջանում, որպես «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, այդ թվում՝ ԿԸՀ-ում։

Վերջինս ասաց, որ արձակուրդում է գտնվելու մինչև հունիսի 19-ը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը կողմերին լսելուց հետո ասաց, որ հաշվի առնելով, որ Արմեն Գևորգյանը չունի պաշտպան, հետևաբար Էրիկ Ալեքսանյանի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել։ Ինչ վերաբերվում է Արամ Վարդևանյանի արձակուրդ գնալուն, ապա դա չի կարող խոչընդոտել գործի քննությանը, քանի որ Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանում են նաև այլ պաշտպաններ։ 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 15-ին, ժամը 13․00-ին։