Ալեն Սիմոնյանը Լատվիայի Սեյմի խոսնակի աջակցությունն է խնդրել Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում

Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է:


ԱԺ հաղորդագրության համաձայն՝ պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարիա Կարապետյանը, հունիսի 26-ին հանդիպում է ունեցել Դաիգա Միերինյայի հետ:


«Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն ընդգծել է Լատվիայի՝  թե՛ որպես երկկողմ գործընկերոջ եւ թե՛  որպես ԵՄ անդամի հետ հարաբերությունների զարգացման կարեւորությունը:


Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջեւ կապերի ակտիվացման հարցը՝ առաջարկելով համագործակցություն նախաձեռնել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջեւ, ինչպես նաեւ «Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ» (NB8) ձեւաչափի շրջանակում:


Ալեն Սիմոնյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ խնդրել վերջինիս աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում:


ՀՀ ԱԺ պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեն Սիմոնյանը Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյային հրավիրել է այցելել Հայաստանի Հանրապետություն:


Հանդիպումից հետո գործընկերները հանդես են եկել համատեղ մամուլի հայտարարությամբ»,- նշված է հաղորդագրության համար: