«Ընտրությունների կեղծիք» արտահայտությունը ՀՀ-ում արդեն պատմական ժանրին է վերագրված. վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով 2018 թվականից հետո երկրում իրականացված և իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների մասին, համոզմունք է հայտնել, որ «ընտրությունների կեղծիք» կամ «ընտրությունների արդյունքները կեղծել» արտահայտություններն արդեն պատմական ժանրին են վերագրված։ Այս մասին ՀՀ վարչապետը նշել է Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումում ունեցած ելույթում։


Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է, որ միջոցառման անցկացումը լավ առիթ է քննարկելու Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացը և քննարկելու այն մարտահրավերները, որոնք ՀՀ-ում գոյություն ունեն ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարության զարգացման համար։

Վարչապետը նաև հույս է հայտնել, որ ֆորումի արդյունքներով մասնակիցները կկարողանան ամփոփել, թե ՀՀ-ում ժողովրդավարության հետագա զարգացման համար ի՞նչ է պետք որդեգրել և ճանապարհային ի՞նչ քարտեզ պետք է ունենալ, որպեսզի ժողովրդավարական զարգացման համար բոլորի ջանքերը համադրվեն։