Կրակոցներ Արտաշատում. 16-ամյա տղան կրակել է 18-ամյա երիտասարդի ուղղությամբ, նրանց որոնում են

Հունիսի 25-ին Արարատի մարզում խուլիգանության դեպք է տեղի ունեցել:


Մասնավորապես՝ ՀՀ ՆԳՆ Պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Արտաշատի պահպանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 12։45-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գործող «Արդշինբանկ» երկրորդ մասնաճյուղում ծառայություն կատարելու ժամանակ ոստիկանը ձայներից մոտեցել է բանկի մուտքի դռանը և տեսել, որ երկու անծանոթ երիտասարդ, հայհոյանքներ տալով, վազում են մեկ անծանոթ երիտասարդի հետևից, և բանկի վերջնամաս հասնելով՝ փախչող երիտասարդը պայուսակից հանում է ատրճանակ և երեք անգամ կրակոց արձակում իր հետևից վազող երիտասարդների ուղղությամբ, որից հետո էլ կրակոց արձակած երիտասարդը շարունակում է վազել դեպի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցով՝ «Իդեալ» շինանյութի խանութի ուղղությամբ, իսկ մյուս երկու երիտասարդներից մեկը, ում դեմքի շրջանում եղել է վնասվածք, անցնելով փողոցի դիմացի հատված, նստել է սև գույնի «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի ղեկին և Օգոստոսի 23 փողոցից վարելով ավտոմեքենան դեպի Աթարբեկյան փողոց՝ Երևան-Երասխ մայրուղու ուղղությամբ, հեռացել է դեպքի վայրից, հաղորդում է Shamshyan.com-ը:Ժամը 13։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկներից հայտնել են, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում նկատել են մի խումբ անձանց, իրենց հարցին, թե ի՞նչ է պատահել, վերջիններս պատասխանել են, որ, նախնական տեղեկություններով, «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայից կրակել են «ՎԱԶ 2121» ավտոմեքենայի ուղղությամբ և հեռացել:


Ոստիկանության Արտաշատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12։40-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչներ 16-ամյա Արման Թ․-ն  և 18-ամյա Ալեքս Ա․-ն Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում վիճաբանել են միմյանց հետ, որից հետո Արման Թ․-ն, հասնելով Օգոստոսի 23 փողոցում գտնվող «Արդշինբանկի» երկրորդ մասնաճյուղի մոտ, իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակոց է արձակել Ալեքս Ա․-ի ուղղությամբ:


Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Արման Թ․-ին, Ալեքս Ա․-ին և օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: