ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի
9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների
պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում
Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ
Ֆրեդերիքսը և Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր
Բիյագովը:
Ողջունելով պատվիրակությանը
խորհրդարանում՝ Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա
հարաբերությունները:
Նա ընդգծել է միջխորհրդարանական
դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ նշելով, որ
Հայաստանի համար կարևոր է ԵՄ գործընկերությունը:
Պատվիրակության անդամ Դերկ Բոսվյակը
շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը
շատ կարևոր երկիր է Նիդերլանդների համար:
ԱԺ նախագահի տեղակալը պատվիրակությանը
ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի
տեսլականը:
Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է
պատվիրակության անդամների հարցերին` անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան,
Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայաստանում ժողովրդավարական
բարեփոխումների առաջընթացին, առկա մարտահրավերներին: