«Подайте бедному коту на пропитание..․»․ «Սրբազան շարժումը» փող է հավաքում, որ․․․

«Սրբազան պայքար»-ի ֆինանսական դրությունը, պարզվում է, լավ չէ, այն աստիճան, որ անցել է համազգային դրամահավաքին։ «Սիրելիներ, Սրբազան շարժումն ավելի ընդլայնելու, մեր աշխատանքները կազմակերպելու և չարիքի դեմ պայքարն ավարտին հասցնելու նպատակով բացվել են հետևյալ հաշվեհամարները, որոնց կարող եք փոխանցումներ կատարել աշխարհի բոլոր երկրներից: Հավաքված գումարի և արված ծախսերի մասին պարբերաբար կտրամադրենք հանրային հաշվետվություն»,-նման հայտարարություն է զետեղվել շարժման ֆեյսբուքյան էջում և կից ներկայացված է «Տավուշը հանուն հայրենիքի» ՀԿ-ի հաշվեհամարը, որին էլ պետք է դրամով, եվրոյով, դոլարով և ռուբլով փոխանցումներ կատարվեն։

 

Թե հատկապես ինչ նկատի ունեն «շարժումն ավելի ընդլայնել» ասելով, մասնավորապես որի համար էլ ակնկալվում է քաղաքացիների հանգանակությունը, այդպես էլ պարզ չի դառնում։ Գուցե «ընդլայնվել» ասվածը հանգանակված գումարներով հնարավորինս շատ մարդկանց  դրամական խրախուսմամբ ներգրավե՞լն է՝ գլխաքանակ ապահովելու համար։  Ով գիտե։ Ենթադրում ենք։ Ամենազավեշտականը, թերևս,  հայտարարության  «չարիքի դեմ պայքարն ավարտին հասցնել» բառակապակցությունն է։ Փաստորեն, արտերկրում ապրող, սրբազան շաժման ֆանատ  «իքս»  «սիրելին» կարող է գումար փոխանցել հիշյալ ՀԿ-ին, ակնկալելով, որ այդ՝ դրսի փողերը կծառայեն ՀՀ ներսում ինչ  որ «հակաչարիքային» պրոցես  ավարտին հասցնելու  համար։ Արդ, հետաքրքիր է, թե մինչև այժմ որքան գումար է ծախսվել նույն այդ չարիքի դեմ պայքարում, որը, փաստորեն, ավարտին հասցնել չի ստացվել, հետևապես այն ավարտելու համար փող է պետք։ Շարժումը, թերևս, հասարակության հետ անկեղծ լինելու համար նախ թող այդ՝ մինչև այժմ ծախածի մուրհակները  հրապարակի։

 

Հիշեցնենք, որ 2018-ի հեղափոխության օրերին էլ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունն էլ էր դրամահավաք կազմակերպել, միայն թե՝ Սերժ Սարգսյանին թոշակի ուղարկելու համար։ Նախաձեռնության անդամները սահմանել էին հավաքվող գումարի չափը՝ 10 դրամ, ամենաշատ հավաքագրվող գումարը  20 դրամն էր։ Ինչո՞ւ։  «20 դրամ հավաքելու դեպքում կեսը տալու ենք Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին»,-նշում էին ակցիայի հեղինակները։


«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կոչվող  քաղաքական խմբավորումն էլ, նկատենք, անցյալ տարի այս օրերին  Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար դրամահավաք  էր  իրականացնում։ «Աջակցենք  Նիկոլի հեռացման շարժմանը» ազդագրի ներքո բևեռականներն էին  ֆեյսբուքում  դրամահավաք  հայտարարել, ակնկալելով, որ  «հայրենիքում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները երկրի համար բախտորոշ այս օրերին իրենց ներդրումներով կմասնակցեն Բևեռի սկսած կարևոր և պետականաստեղծ գործին»: Որպես թիրախային գումար, ի դեպ, նշված էր 100 հազար ԱՄՆ դոլարը։  


ԱԺԲ-ն ի դեպ, սրբազան պայքարի աջակից քաղաքական ուժերից է,  «փող ու փարայի» հետ կապված հարցերում՝ հմտացած, և երևի հենց ինքն էլ հուշել է դրամահավաքի գաղափարը։

ՀՄ