Պաշտոնում վերանշանակվելու առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Պաշտոնում վերանշանակվելու առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին:


Ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:


Առանձնակի կարևորում եմ մեր միջև ձևավորված ջերմ և անկեղծ հարաբերությունները և խորին երախտագիտություն հայտնում Հայաստանի և Լիտվայի հարաբերությունների տեսանելի առաջընթացի գործում Ձեր անձնական ներդրման համար։


Բարձր եմ գնահատում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն աջակցելու գործում Լիտվայի պատրաստակամությունն ու հանձնառությունը:


Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման հաջորդ փուլի ընթացքում Հայաստանի և Լիտվայի միջև բարեկամական հարաբերություններն առավել կզարգանան՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»: