Գյումրիի նախկին քաղաքապետը, որդի Սպարտակը, ևս երեք անձ հրավիրվել են Դատախազություն

Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Ղուկասյանը, նրա որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ինչպես նաև ևս երկու շահագրգիռ անձ՝  Մանյա Վարդանի Ղուկասյանն ու Նոնա Սերյոժայի  Ղուկասյանը, հուլիսի 24-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ azdarar.am հարթակից։ Հիշյալ անձինք   Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ ծանուցումներ են ստացել, որոնցում նշված է՝ իրենց պատկանղ գույքերի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։ 


Նշենք, որ Վ. Ղուկասյանի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ, հարազատների ներգրավմամբ փողերի լվացում կատարելու բազմադրվագ վարույթի նախաքննությունն անցյալ տարեվերջին է  ավարտվել, Հակակոռուպցիոն քրեական դատարանում է Ղուկասյանի, նրա եղբոր, սկանդալային պատմությունների կենտրոնում պարբերաբար հայտնված որդու և ևս երկու անձի՝ Սաշա Հովհաննեսի Զաքարյանի, Արմեն Ալֆիլի Մաթևոսյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը։ Վարդան Ղուկասյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու 38 դրվագներով։ 2001-2011 թվականների ընթացքում նա ուղղակի վաճառքով կամ աճուրդով պետական ու համայնքային մի շարք հողամասեր ու շենքեր է օտարել իրեն կամ այլ անձանց։ Ընդ որում, եղել է գույք, որի օտարումն ընդհանրապես օրենքով արգելված էր։