Սահմանադրական դատարան դիմելը ինքնանպատակ չէր. փաստաբանը՝ «Մարտի 1»-ի վարույթի մասին

Սահմանադրական դատարանը բավարարել է Մարտի 1-ի գործով Վճռաբեկ դատարանի դիմումը: Վճռաբեկը «Մարտի 1-ի» վարույթով անցնող  Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դիմել էր բարձր դատարան՝ միջնորդելով որոշել Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:


Թեմայի վերաբերյալ Civic.am-ը մեկնաբանություն է խնդրել փաստաբան Գևորգ Դավթյանից։


«Եթե այդ նույն փաստակազմով այդ կատարված գործողությունները համապատասխանում են Քրեական օրենսգրքի այլ հոդվածով նախատեսված դիսպոզիցիային, ստացվում է, որ շատ հանգիստ հիմա դատախազությունը հնարավորություն ունի օգտվելու այդ գործիքակազմից ու մեղադրանքը վերաորակելու։ Թե չէ ինքնանպատակ չէր դիմել Սահմանադրական դատարան, որովհետև եթե դատարանը, թեկուզ անհատը, քաղաքացին ատյանները սպառելուց հետո դիմում է ՍԴ՝ օրենքի սահմանադրականության հետ կապված հարցով, նշանակում է  ինչ-որ մի գործից ելնելով խոչընդոտ կա, որ իրենք, ըստ էության, չեն կարողանում առաջ շարժվել, դրա համար դիմում եմ դրան»,- ասաց փաստաբանը։


Նրա խոսքով՝ հետևաբար, եթե Վճռաբեկ դատարանը դատախազության բողոքի հիման վրա դիմել է ՍԴ և ասում է, որ սահմանադրականության հարցը լուծենք, այդ մեկնաբանությամբ շատ հանգիստ Վճռաբեկ դատարանն արդեն իր որոշումը կկայացնի, նոր դրանից հետո էլ արդեն  միանգամից արարքը կվերաորակվի, որովհետև դա չի կարող ինքնանպատակ լինել։  


«Ճիշտ է, որոշումն ամբողջությամբ հրապարակված չէ, բայց Սահմանադրական դատարանը իր վերջնական որոշման մեջ հստակ նշել է, որ պետք է այսպիսի մեկնաբանություն լինի, այսինքն՝ իրավակիրառ պրակտիկայի մեջ Քրեական դատավարության այդ հոդվածով, որով իրենք դիմել են, արդեն մեկնաբանությունը սխալ է գնացել, հիմա ՍԴ-ն ասում է՝ չէ, սենց պիտի մեկնաբանես, եթե սենց ես մեկնաբանում, ստացվում է՝ այդ գործիքակազմը շատ հանգիստ կարող ես օգտագործել։ Թեև ես ամենասկզբից էլ, որպես մասնագետ, առանձնապես մեծ խոչընդոտ չեմ տեսել, այդտեղ օրենքի մեկնաբանման խնդիր է եղել, որը սխալ է մեկնաբանվել»,-  հավելեց Գևորգ Դավթյանը։

 

Լիլիթ Թադևոսյան