«ԿամԱԶ»-ը բարձված էր հաճարենու գերաններով. արտադրամասի սեփականատերը ձերբակալվել է

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ Գետահովիտում արտադրամասի սեփականատերը առանց բեռի օրինականության վերաբերյալ փաստաթղթի «ԿամԱԶ»-ով բարձված հաճարենու գերաններ է տեղափոխել.  նա ձերբակալվել է:


«Հերթական դեպքը արձանագրվել է հուլիսի 23-ին։ Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ 45-ամյա մի տղամարդ Գետահովիտ բնակավայրի իր փայտամշակման արտադրամաս «ԿամԱԶ»-ով գերաններ է տեղափոխում։


Տեղեկությունը ստուգվեց օպերատիվորեն։ Գետահովիտ բնակավայրի վերջնամասում բեռնատարը կանգնեցվեց։ Այն բարձված էր հաճարենու շուրջ 13 խմ գերաններով։ 68-ամյա վարորդը բեռի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չուներ։ Նա ձերբակալվել և, բեռնատարով հանդերձ,  տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժին։ Պարզվել է, որ ապօրինի գերանները պատկանում են արտադրամասի 45-ամյա տիրոջը։


«ԿամԱԶ»-ը տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։


Հուլիսի 24-ին արտադրամասի 45-ամյա սեփականատերը հայտնաբերվել, ձերբակալվել և, քննիչի որոշմամբ, տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։


Կատավում է նախաքննություն։


Հիշեցնենք՝ բնապահպանական ոլորտի հանցագործությունները մշտապես ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում են։


Իսկ բնության և շրջակա միջավայրի հանդեպ վերաբերմունքը օրինապահ քաղաքացու նկարագրի կարևոր ցուցիչներից է»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։