Գյուղատնտեսությամբ զբաղվողների խնդիրն է՝ ճիշտ օգտագործել տեխնոլոգիական գործիքները. էկոնոմիկայի նախարարի տեղակալը՝ Sevan Agritech Summit-ին

Հուլիսի 24-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է Sevan Agritech Summit միջոցառման բացման արարողությանը՝ հայտնում են նախարարությունից:


 

Sevan Agritech Summit-ի նպատակն է նպաստել ագրոտեխնոլոգիական ոլորտի

առաջատարների հետ փոխգործակցության զարգացմանը, ներկայացնել միջազգային լավագույն փորձն ու խթանել թվային և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում:

 

Միջոցառման շրջանակում տեղի է ունենալու եռօրյա համաժողով, ինչպես նաև անցկացվելու է մրցույթ՝ լավագույն ագրոտեխնոլոգիական լուծումներ առաջադրած ընկերությունների միջև:


 

«Թեև ագրոտեխնոլոգիական տեխնոլոգիաները գոյություն ունեն արդեն մեկ տասնամյակ, դրանք դիտվել են որպես կետային լուծումներ, որոնք հիմնականում կենտրոնացած են ֆերմերային տնտեսությունների կառավարման վրա, այլ ոչ թե որպես ռեսուրսների փաթեթ, որը կարող է աջակցել գյուղատնտեսական արտադրանքի ստեղծման բոլոր շղթաներում՝ բերքի պլանավորումից մինչև սպառումը:


 

Կարևոր է, որ գյուղատնտեսությունը դիտարկվի համակարգային տեսանկյունից. արհեստական ինտելեկտի, ռոբոտաշինության և այլ տեխնոլոգիաների օգտագործումը ֆերմերներին, առևտրականներին, լոգիստիկ մատակարարներին և սննդի վերամշակողներին հնարավորություն է տալիս գյուղատնտեսության ոլորտը դարձնել ավելի ճկուն և ավելի կապակցված համակարգ:


 

Այնուամենայնիվ, տեխնոլոգիան պարզապես գործիք է զարգացումը հեշտացնելու համար: Գյուղատնտեսությամբ զբաղվողների խնդիրն է՝ ճիշտ օգտագործել տեխնոլոգիական գործիքները»,- նշել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: