Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ ՆԳՆ խոսնակ

Հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։


ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։


ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել է հաղորդում։


Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է Վեդիի Թումանյան փողոցում, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել ՔԿ Վեդիի քննչական բաժին։