Armtimes.com-ը գրում է. Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատվածում Վազգեն (Բագրատ) Գալստանյանի աջակիցների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախումից հետո փորձ է արվում (ակնհայտ միտումով) քարոզչական ֆոն ստեղծել՝ համոզելու հանրությանը, թե այդ օրը ոստիկանությունն օգտագործել է «չթույլատրված հատուկ միջոց»՝ «Զարյա 3» եւ, փաստորեն, կրկնել նախկին ռեժիմի «արյունոտ ձեռագիրը»։
Որոշ լրատվամիջոցներ ընդհուպ առողջապահության նախարարին «բռնացրել էին» ոստիկանության «հանցագործության հետքերը» «կոծկելիս», որը դրսեւորվել է «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանելու մասին» առողջապահության նախարարի (Հ․ Քուշկյան) 2012 թ․ ապրիլի 20-ի N 09-Ն հրամանում՝ լրացում կատարելով եւ «արգելված» «Զարյա 3» հատուկ միջոցի կիրառումը ցանկում ներառելով։
Եվ ահա, նախարարի այս «աճպարարությունը»՝ հրամանում փոփոխություն կատարելը, ինչպես նաեւ ոստիկանության՝ հունիսի 12-ին կիրառած հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկատվության չտրամադրումը (քանի որ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ, ու նախաքննություն է ընթանում) ստիպել են ոմանց դավադրապաշտության տեսությանը դիմել։
Հուլիսի 25-ի՝ Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ի պատասխան հարցի՝ «ինչո՞ւ է հետին թվով հրաման արձակել՝ կապված այն բանի հետ, որ ոստիկանությունը կարողանա օգտագործել «Զարյա 3 տեսակի» նռնակները», նախ ճշտել է՝ «ի՞նչ է նշանակում հետին թվով», ապաեւ՝ բացատրել․ «Հրամաններ ընդունելու որոշակի ընթացակարգ կա, մենք, պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը, որոշակի փոփոխություններ ենք իրականացրել»։
Դիտարկմանը՝ հունիսի 12-ի դեպքերից հետո է այդ փոփոխությունը կատարվել վերոհիշյալ հրամանում (հունիսի 26-ին), գուցե այն նպատակով, որ սրբագրի՞ ոստիկանության գործողությունը, Ավանեսյանն արձագանքել է․ «Որեւէ սրբագրման կամ սահմանափակման հարց չկա, թե որ ամսաթվին եւ երբ են արվում փոփոխությունները, այլ օրենքով սահմանված ընթացակարգերով, որեւէ հետին թիվ կամ չգիտեմ՝ ինչ չկա, ընդունվել է որոշում փոփոխության մասով, եւ չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ ինտրիգ կա»։
Մեկ այլ հարցի՝ ««Զարյա 3»-ը նախատեսված է «զինված հանցագործներին վնասազերծելու համար, իսկ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում տեղի էր ունենում խաղաղ անհնազանդության ակցիա, հիմքը որոշման ո՞րն է եղել, որ «Զարյա 3-ը» այլեւս կարող է կիրառել ոստիկանությունը», առողջապահության նախարարն արձագանքել է. «Ես չգիտեմ, թե ինչ փորձագետներ են կարծիքներ արտահայտում, մենք ունենք համապատասխան մասնագիտական կառույցներ, որոնք տալիս են եզրակացություն, եւ, ըստ այդմ էլ, որոշակի փոփոխություններ են իրականացվում մեր իրավական ակտերում»։
Նախարարը, անդրադառնալով հարցին՝ հիշյալ հատուկ միջոցները որքանո՞վ են վտանգավոր մարդու առողջության համար, նշել է՝ ինքը չէ գնահատական տվողը, այլ՝ համապատասխան մասնագիտական կառույցը, նաեւ բացատրել է, թե ինչու է հենց այս փուլում խնդրո առարկա հրամանում լրացում կատարելու անհրաժեշտություն ծագել՝ հերքելով կապը հունիսի 12-ի դեպքերի հետ։
«Կյանքը փոփոխվում է, առաջանում են որոշակի իրավիճակներ եւ անհրաժեշտություններ՝ մեր իրավական ակտերը փոխելու։ Կապը այդքանն է»,- ասել է նա:
Նախարարի հրամանում կատարվել է ոչ թե մեկ, այլ մի քանի լրացում
Հարկ է նկատել, որ վկայակոչված հրամանում նույն՝ հունիսի 26-ին, կատարվել են եւս մի քանի այլ փոփոխություններ, որոնց մասին, սակայն, նախարարի որոշման մեջ ինտրիգ ու կոնսպիրացիա փնտրողները չտեսնելու են տալիս։
Նախ նշենք, որ «Զարյա 3»-ը, ըստ հրամանի, նկարագրված է որպես «ձեռքի անբեկոր լուսաձայնային նռնակ», որի «կիրառման թույլատրելի չափանիշներն են՝ քաշը 0,180 կիլոգրամից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տեղանքում՝ մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա»:
Այսինքն՝ այն վարկածը, որ հունիսի 12-ի դեպքերի ժամանակ բեկորային վնասվածքներ ստացած քաղաքացիները հենց այդ՝ «չթույլատրված» հատուկ միջոցի հետեւանքով են ստացել դրանք, կարծես, հերքվում է։
Նկատենք, որ «Զարյա 2»-ը նույնպես, համաձայն հրամանի, անբեկոր լուսաձայնային նռնակ է, կիրառման թույլատրելի չափանիշներն են՝ քաշը 0,175 կիլոգրամից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տեղանքում, կրկին՝ մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա:
N 09-Ն հրամանի «5․1.» կետում նույնպես լրացում է կատարվել եւ ներառվել այսպիսի կետ․ «Բազմատարր ձեռքի լուսաձայնային նռնակ «ՌԳԿ-60 ՍԶ»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են՝ քաշը 0,175 կիլոգրամից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տեղանքում՝ մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա: Ձայնային ճնշման մակարդակը 10 մետր հեռավորության վրա՝ 135 դեցիբելից ոչ ավելի»։
Հրամանում լրացում է կատարվել նաեւ «17.1.» կետում, եւ ցանկում ներառվել է մեկ այլ միջոց․ «Աերոզոլային փոշեցրիչ «Սաբր ռեդ 920060-Ս, ՄԿ-9, Ֆօգգեր սփրեյ»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են՝ ազդեցության միջակայքը 5 մետրից ոչ ավելի, ազդեցության ժամանակը 12 վայրկյանից ոչ ավելի»։
Ջրանետ մեքենաների կիրառման մասով նույնպես հրամանում լրացում է կատարվել, եւ ներառվել են Լավինա-Մ, Լավինա-Ուռազան, ԱԲԱ-40, Սինոտրուկ Հօվօ-ն։ Կիրառման թույլատրելի չափանիշները՝ հղի կանանց, անչափահասների, ծերերի նկատմամբ ջրի շիթի միջոցով մարմնական վնասվածքներ չհասցնելը: Ջրանետ մեքենաները չեն գործարկվում 00-ից ցածր ջերմաստիճանային պայմաններում:
Մեկ այլ լրացման մասին էլ նշենք․ «Նմանակող պայթուցիկ փաթեթների կիրառման թույլատրելի չափանիշն է՝ ազդեցության գոտում կրկնակի չկիրառումը:
Նշենք, որ «Զարյա-3»-ի կիրառման լուրը որեւէ գերատեսչություն պաշտոնապես չի հաստատել, այդ հատուկ միջոցի կիրառման մասին հայտարարությունները բացառապես ենթադրությունների, այդ օրվա իրադարձությունների տեսագրության մեջ երեւացող հատուկ միջոցի պատկերի հիման վրա են կառուցված, այլ ոչ՝ մասնագիտական, փորձագիտական կարծիքի։ Թերեւս նախաքննության ավարտից հետո հնարավոր կլինի վեր հանել թե՛ այդ օրվա գործողությունների, թե՛ դրանց ընթացքում ոստիկանության կիրառած ուժի եւ հատուկ միջոցների ամբողջական պատկերն ու ցանկը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում